Խոշտանգումների և արտադատական մահապատժի կամ ցուցադրական դատավարության բարձր ռիսկ․ այսպես է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մեկնաբանել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը։
«Արցախի ինքնորոշման իրավունքի եռանդուն պաշտպան Վարդանյանին ատում են հատկապես Ադրբեջանում։ Նրա կալանավորումը խոշտանգումների և արտադատական մահապատժի կամ ցուցադրական դատավարության շատ բարձր ռիսկ է պարունակում: Նրան և Արցախի կառավարության և ինքնապաշտպանության բանակի ներկայիս և նախկին անդամներին անվանել են «անջատողական» և «ահաբեկիչ», կատեգորիաներ, որոնք պետություններն օգտագործում են ապօրինի ձերբակալություններն ու սպանությունները արդարացնելու համար»,- ասվում է Ինստիտուտի հաղորդագրությունում X միկրոբլոգում։
Նշվում է, որ Վարդանյանի կյանքի և անվտանգության վերաբերյալ մտահոգությունները հատկապես արդարացված են՝ հաշվի առնելով այն վերաբերմունքը, որը հայ ռազմագերիները կրում են ադրբեջանական գերության մեջ 2020 թվականից ի վեր։ Նրանց խոշտանգել են, նվաստացրել, սպանել և ենթարկել ցուցադրական դատավարությունների։
«Ռուսաստանը և ԱՄՆ-ն, ինչպես նաև աշխարհի մյուս առաջնորդները պետք է պահանջեն Վարդանյանի անվտանգ ելքը Ադրբեջանից և պետք է ապահովեն, որ Արցախի կառավարության մյուս անդամներին, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի անդամներին թույլ տան լքել երկիրը։ Մենք աշխարհին հիշեցնում ենք, որ վերնախավի անդամների կալանավորումը, սպանությունը և անհետացումը սովորական ցեղասպանության ակտ է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է ադրբեջանցիների կողմից սեպտեմբերի 27-ին Արցախից Հայաստան անցնելիս։ Նա կալանավորվել է 4 ամսով և մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեությանը մասնակցելու» և «Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու» մեջ։