Լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել ադրբեջանցիների կողմից Արցախի նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին։
«Ընկերնե՛ր, իմ ընկեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից»,- իր Telegram ալիքում գրել է մեդիամենեջեր, լրագրող Թինա Կանդելակին։
Ադրբեջանական և հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի միջանցք մտնելիս (Արցախից Հայաստան ուղղություն-խմբ.)
RTVI-ի հետ զրույցում Ռուբեն Վարդանյանի օգնականն ասել է, որ տեղեկություն չունի այդ մասին։ «Ես տեղեկություն չունեմ, իրականում Ռուբենի հետ վաղուց կապ չեմ ունեցել, քանի որ այնտեղ հոսանք չունեն»,- նշել է նա։
Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, Kommersant-ին և Civilnet.am-ին հայտնել է, որ Վարդանյանի հետ կապը կորել է, դեպքի մասին տեղեկացել է ադրբեջանական աղբյուրներից։
Զոնաբենդը РБК-ին պարզաբանել է, որ Վարդանյանը վերջին տաս ամիսներին գտնվել է Ղարաբաղում՝ չճանաչված հանրապետության բնակիչների հետ միասին։ Նրա խոսքով՝ Վարդանյանը «ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ»։