ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ճեպազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը։
«Մենք տեղյակ ենք ձերբակալության մասին և ուշադիր հետևում ենք իրավիճակին: Ես այսօր այլ մեկնաբանություն չունեմ»,- ասել է նա։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին տարածել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման մասին։
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաստատել է Վարդանյանի ձերբակալությունը Արցախից հեռանալու փորձի ժամանակ և հրապարակել համապատասխան լուսանկար։
Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատմել է, որ առավոտյան իր ամուսինը՝ Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից։