Գնա ընտրության
07-05-2026 15:45

Հարցեր վարչապետին. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Անահիտ Մանասյանի պատասխանին

(փոխանցվել է նրա ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ)

Ես կարողացա կարդալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանի պատասխանը իմ դիմումին։ Ես հրապարակայնորեն չեմ գնահատի նրա դիրքորոշումը։ Սա նրա և իր խղճի միջև եղած հարց է։ Ես պարզապես կասեմ. անկեղծորեն ցավում եմ։ Աստված ձեր դատավորը լինի։ Բայց այս պատասխանից հետո ես շատ կոնկրետ հարցեր ունեմ ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, այլև ՀՀ վարչապետին։
Եթե Ադրբեջանի բանտերում հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ չի մտնում, ապա ո՞ւմ լիազորություններն են դա։ Պետությունում ո՞վ է նշանակվել այս հարցի պատասխանատու։ Ե՞րբ է նշանակվել այս անձը։ Ինչո՞ւ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ էլ հանրությունը չգիտեն այս մասին։
Կան մարդիկ, ովքեր վեց տարի է, ինչ գտնվում են Բաքվի բանտերում։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունը չի կարողացել ստեղծել կայուն և հստակ մեխանիզմ նրանց հետ շփվելու համար՝ ո՛չ երրորդ կողմերի, այդ թվում՝ Բաքվում ներկայություն ունեցող այլ պետությունների դեսպանատների, ո՛չ էլ միջազգային կազմակերպությունների միջոցով։
Ինչո՞ւ։
Ինչո՞ւ Հայաստանի ներկայացուցիչները կարող են մեկնել Ադրբեջան առևտրային, տնտեսական և այլ հարցերով, բայց չեն կարող կազմակերպել ուղևորություն՝ հայ բանտարկյալների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի մասին հարցնելու համար։ Մի՞թե այս մարդկանց ճակատագիրը ավելի կարևոր չէ, քան առևտրային բանակցությունները։ Ինչո՞ւ չի ստեղծվել բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը հասցնելու պատշաճ մեխանիզմ։
Որոշ մարդիկ մեկ տարուց ավելի է՝ ծանրոցներ չեն ստացել։ Շատերը չունեն համապատասխան հագուստ և չեն կարողանում ստանալ այն, ինչ իրենց իսկապես անհրաժեշտ է՝ հաշվի առնելով իրենց տարիքը, առողջությունը և կենսապայմանները։ Փոխարենը, օգնությունը, երբ այն ընդհանրապես հասնում է, կազմակերպվում է ոչ ֆորմալ, անթափանցիկ և առանց բանտարկյալների իրական կարիքները հաշվի առնելու։ Մարդիկ ստանում են ոչ թե այն, ինչ իրենց անհրաժեշտ է, այլ այն, ինչ ինչ-որ մեկը որոշել է տալ նրանց՝ ոչ թե օգնություն, այլ՝ ողորմություն։ Բանտարկյալների թվում կան 70 տարեկանից բարձր մարդիկ և լուրջ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ։ Ատամազուրկ մարդկանց չրեր տալը օգնություն չէ։ Դա նվաստացում է։
Վարչապետը տեղյա՞կ է սրա մասին։ Ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացը կազմակերպելու համար։ Ո՞րն է սահմանված ընթացակարգը։ Ինչո՞ւ այն չի պահպանվում։
Չե՞ք ամաչում։
Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ, խոսել խաղաղության մասին և ընդունել ծափահարություններ, մինչդեռ հայ քաղաքացիները շարունակում են պահվել Բաքվի բանտերում՝ առանց համապատասխան պաշտպանության, առանց համակարգային աջակցության, օգնության կամ սեփական պետության վերահսկողության։
Անվանեք պատասխանատու անձին։ Հրապարակեք մեխանիզմը։ Բացատրեք, թե ինչ է ձեռք բերվել վերջին վեց տարիների ընթացքում։ Կամ անկեղծորեն ընդունեք, որ ոչ ոք պատասխանատու չէ, և իմաստ չունի սպասել, որ բանտարկյալները օգնություն ստանան իրենց սեփական պետությունից։ 

ՔՊ հավաքներ. «Պատահական» քաղաքացիներին արգելված է. իշխանությունը կիրառում է վարչական ռեսուրս
Արման Թաթոյանը հերքում է Փաշինյանի հետ դաշինքը՝ դատապարտելով կեղծ քարոզչությունը և հայտարարելով «կարմիր գիծ»
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է անում մասնակցել ընտրություններին՝ ազգային վերածննդի և միասնության համար
Դատախազությունը հանցակազմ չի տեսնում Փաշինյանի կոշտ արտահայտություններում. Քաղաքական բանավեճերը և արտաքին մարտահրավերները
Մայիսի 28. Հայաստանի Առաջին Հանրապետության օրը՝ պետականության վերականգնման և հաղթանակի խորհրդանիշ