Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը։
Այս տվյալները ներկայացրել է հինգշաբթի Ջոն Հոփքինսի համալսարանը, որն իր հաշվարկներում հիմնվում է աշխարհի երկրների ազգային և տեղական իշխանությունների տվյալների վրա։
Վարակվածության 500 հազար դեպքի սահմանագիծը հատվել էր մարտի 26-ին։
Կորոնավիրուսով պայմանավորված վարակի բռնկումը տեղ է ունեցել 2019թ․դեկտեմբերին Կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքում։
Ըստ վերջին տվյալների՝ վարակվածների ամենամեծ թիվը՝ 226 374, գրանցվել է ԱՄՆ-ում։ Զգալի են թվերը նաև Իտալիայում՝ 115 242, Իսպանիայում՝ 110 238, Չինաստանում՝ 83 631, Գերմանիայում՝ 79 450, Ֆրանսիայում՝ 59 135, Իրանում՝ 50 468, Մեծ Բրիտանիայում՝ 33 718, Շվեյցարիայում՝ 18 267, Թուրքիայում՝ 18 135, Բելգիայում՝ 15 348, Նիդերլանդներում՝ 14 697 և Ավստրիայում՝ 10 923։
Վարակից և դրա հետևանքով առաջացած բարդություններից մահացածների ամենամեծ թիվը գրանցվել է Իտալիայում՝ 13 915 դեպք։ Մահվան ելքով ամենաշատ դեպքեր ունեցող երկրների թվում են Իսպանիան՝ 10 003, ԱՄՆ-ն՝ 5 316, Ֆրանսիան՝ 4 503, Չինաստանը՝ 3 287, Իրանը՝ 3 160, Մեծ Բրիտանիան՝ 2 912, Նիդերլանդները՝ 1 339, Բելգիան՝ 1 011, Գերմանիան՝ 1 001։
Ապրիլի 3-ի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է 4,149 հաստատված դեպք, ապաքինվել է 281 մարդ, մահացել՝ 34-ը։