
Տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին՝ Իրանի խորհրդարանի պատգամավոր Աբոլֆազլ Զոհրեվանդը կտրուկ նախազգուշացում է հնչեցրել Ադրբեջանի հասցեին՝ հայտարարելով, որ Բաքուն կարող է «ջնջվել երկրի երեսից 3-4 ժամում», եթե երկիրը ներքաշվի Իսլամական Հանրապետության դեմ թշնամական գործողություններում։ Այս հայտարարությունը, որն արվել է Իրանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամի կողմից, հնչել է Ադրբեջանի տարածքում իսրայելական ռազմական և հետախուզական ստորաբաժանումների ենթադրյալ տեղակայման մասին վերջին հաղորդումների ֆոնին։
Զոհրեվանդը հղում է արել CNN-ի աղմկահարույց հետաքննությանը, ըստ որի՝ Իսրայելը գաղտնի տեղակայել է հատուկ ստորաբաժանումներ, այդ թվում՝ ռազմական ուղղաթիռներ և «Մոսադի» անձնակազմ, Ադրբեջանի հյուսիսում՝ իրանական սահմանին մոտ մի քանի դիրքերում։ Հաղորդվում է, որ այդ դիրքերից ամենամոտը գտնվում է իրանական Թավրիզ քաղաքից ընդամենը 100 կիլոմետր հեռավորության վրա։ Զեկույցի համաձայն՝ իսրայելական ուժերն օգտագարծել են Ադրբեջանի տարածքը հետախուզական գործողություններ, անօդաչու թռչող սարքերի գործարկումներ և լսող սարքերի տեղադրում իրանական հյուսիսային բնակավայրերում իրականացնելու համար։ Ադրբեջանի տարածքից իրականացված հիմնական գործողություններից մեկը, ենթադրաբար, եղել է մարտի 4-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության հատուկ գործողությունների ստորաբաժանման ղեկավար Ռահման Մողադդամի սպանությունը։
Իրանցի պատգամավորն ընդգծել է, որ Իրանի վրա իսրայելական հարձակումների հիմնական մասն իրականացվել է հենց Ադրբեջանի տարածքից։ «Հիմա Լեռնային Ղարաբաղում թե՛ Թուրքիան է տեղակայել իր ռազմական ուժերը, թե՛ Իսրայելը։ Բաքվի հյուսիսում գտնվող ռազմական օդանավակայանը տվել են նրանց, և ոչ ոք չի կարող դրանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվել։ Նրանք այնտեղ մշտապես զորքեր, տեխնիկա են բերում, աշխատանքներ են անում։ Մենք, իհարկե, գիտենք դա, սակայն կառավարությունը չի արձագանքում», - հայտարարել է Զոհրեվանդը։
Նա նաև զուգահեռներ է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Բեն Զայեդի միջև՝ պնդելով, որ երկուսն էլ «սիոնիստների» հետ համաձայնության մեջ են։ «Այն նույն նկարագիրը, որն ունի Բեն Զայեդը, ունի նաև Ալիևը. եթե ավելի վատը չլինի, հաստատ Բեն Զայեդից լավը չէ։ Նրանք սիոնիստների հետ պայմանավորվածության մեջ են, և մենք պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք։ Մենք գիտեինք, որ Էմիրությունները երկրորդ Իսրայելն է, բայց քանի դեռ չէին հարձակվել մեզ վրա, նրանց դեմ ոչինչ չարեցինք։ Քուվեյթն էլ գիտեինք, Ադրբեջանն էլ գիտենք», - հավելել է պատգամավորը։
Զոհրեվանդը զգուշացրել է, որ եթե Ադրբեջանը ներքաշվի Իրանի դեմ թշնամական գործողությունների մեջ, ապա Իրանի կողմից «հողին կհավասարեցվի»։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության վրա են հիմնված, բայց եթե հարվածեցին՝ այնպես կտանք նրանց գլխին, որ էլ վեր չկենա։ Բաքուն չգիտի, որ կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատարկ խոսք չէ», - եզրափակել է իրանցի պատգամավորը՝ ընդգծելով Թեհրանի լրջությունն ու վճռականությունը՝ պաշտպանելու իր շահերը։





