Հայաստանն ու Մեծ Բրիտանիան հայտարարել են ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին, երկուշաբթի Երևանում հայտարարեց Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։
«Մենք փորձում ենք ամրապնդել համագործակցությունը Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև։ Ուստի ես շատ ուրախ եմ հայտարարել ռազմավարական երկխոսության առաջիկա մեկնարկի մասին, որը, հուսով ենք, տեղի կունենա արդեն այս տարվա երկրորդ կեսին», - ասաց Դոքերթին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։
Իր հերթին Միրզոյանը նշեց, որ Երևանը կարևոր է համարում երկրների միջև հայտարարված ռազմավարական երկխոսությունը և հույս ունի, որ դա կազդի նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության վրա։
Դոքերթիի այցը, նրա խոսքով, լավ հնարավորություն է ընձեռում քննարկելու Հայաստանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ օրակարգը։ Հայաստանի արտգործնախարարը համոզված է, որ համատեղ ջանքերը նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։