Բավ է պառակտվել
12-06-2023 10:14

Արցախը վերածվել է գետտոյի, հաջորդ քայլը համակենտրոնացման ճամբար դարձնելն է․ Բաբայան

Արցախը վերածվել է գետտոյի, հաջորդ քայլը համակենտրոնացման ճամբար դարձնելն է, ասել է Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար, հանրապետության պետնախարարի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Մենք դեմ չենք բանակցություններին, երբեք դեմ չենք եղել, բայց այդ բանակցությունները չպետք է վերածվեն ներադրբեջանական երկխոսության, որը Ադրբեջանի հիմնական նպատակն է»,- խոսելով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին ասել է Դավիթ Բաբայանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ հայատյացությունը պետական գաղափարախոսություն է։

«Եվ մենք երբեք չպետք է մոռանանք դրա մասին, և այն (ատելությունը՝ խմբ.) գերակա է լինելու ադրբեջանական պետության մեջ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, քանի դեռ Ադրբեջանն անկախ է: Դժվար թե որևէ մեկն, ի տարբերություն հայ հասարակության, ոտքի կանգնի և ասի․ էս ղարաբաղցիներին թողնենք, թող հանգիստ ապրեն, նման բան չի լինելու»,- համոզմունք է հայտնել Բաբայանը։

Նա հիշեցրել է, որ երկու օրից լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 7 ամիսը։

«Մենք տեսնում ենք միջազգային հանրության գրեթե լիակատար անտարբերությունը, տեսնում ենք, որ անվտանգության մի շարք մեխանիզմներ, որոնք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, չեն գործում, ավելին, չկա արդյունավետ միջազգային մեխանիզմ, օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշում։ Այս ամենը հստակ ցույց է տալիս, որ եթե Ադրբեջանը որևէ պարտավորություն ստանձնի, չի կատարի այն և ոչ ոք չի կարողանա պարտադրել»,- ընդգծել է խորհրդականը։

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։
Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ է տեղադրվել։ Երևանը և Ստեփանակերտը դատապարտել են Ադրբեջանի կողմից ՌԽԶ վերահսկողության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղադրումը և կոչ արել Մոսկվային վերացնել Բաքվի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումը։

Արցախի Ազգային ժողովը սեպտեմբերի 8-ին նախագահ կընտրի. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա․ Սամվել Բաբայան
Պուտին. Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար
Ադրբեջանը շարունակում է քանդել օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերը
Լրատվամիջոցները տեղեկացել են Արցախի բնակիչներին Հայաստանի քաղաքացիություն ընդունելու ստիպելու մասին