Բավ է պառակտվել
30-08-2023 22:17

Արցախի արտգործնախարարը՝ Ադրբեջանի հետ բանակցություններում «կարմիր գծերի» և «Ղարաբաղի հայերի ինտեգրում» եզրույթի մասին

Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են քննարկել բարդ և ցավոտ հարցերի ողջ շրջանակը՝ պայմանով, որ բանակցությունների ընթացքն ու արդյունքը չպետք է կանխորոշված լինեն։

«Իսկ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի թե՛ անհատական, թե՛ հավաքական իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, պետք է հստակ միջազգային երաշխիքներ սահմանվեն Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրացման համար»,- ասել է Ղազարյանը «The Moscow Times» պարբերականին տված հարցազրույցում։

Նա մեկնաբանել է նաև «Ղարաբաղի հայերի ինտեգրում» եզրույթի կիրառումը, որն օգտագործում է Ադրբեջանը:

«Նախ, պետք է ընդգծել, որ Ադրբեջանն օգտագործում է «ինտեգրում» եզրույթը՝ քողարկելու Արցախի ժողովրդի բռնի հպատակեցման և պատմական հայրենիքից նրա հետագա վտարման ներկայումս իր կողմից իրականացվող քաղաքականությունը: Հետևաբար, եզրույթների գնահատումն անհնար է առանց հաշվի առնելու այն նպատակները, որոնց համար դրանք օգտագործվում են։ Կարծում ենք, որ ավելի ճիշտ է խոսել փոխընդունելի և հավասարակշռված ձևակերպումների որոնման մասին, որոնք ուղղված կլինեն կայուն ու արդար որոշումների մշակմանը և կծառայեն խաղաղության շահերին»,- ասել է Ղազարյանը:

Նա նշել է, որ 2020 թվականին ռազմական գործողությունների ավարտից ի վեր՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, արցախյան և ադրբեջանական կողմերի միջև պարբերաբար անց են կացվել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք տեխնիկական և հումանիտար հարցեր, այդ թվում՝ կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ։

«Ինչ վերաբերում է քաղաքական հարցերի քննարկմանը, այդ թվում՝ կապված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հետ, մենք մշտապես ընդգծել ենք համաձայնեցված միջազգային ձևաչափի անհրաժեշտությունը, որի շրջանակներում հնարավոր կլինի ձեռնամուխ լինել փոխընդունելի, հավասարակշռված լուծումների որոնմանը, որոնք կապահովեն կայուն, արդար և արժանապատիվ խաղաղություն»,- ասել է պաշտոնյան։

Նա հիշեցրել է, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, երկրի այլ լիազոր կառույցների հետ համագործակցությամբ, մշակում և Հանրապետության նախագահի դիտարկմանն է ներկայացնում բանակցային գործընթացի վերաբերյալ համապատասխան առաջարկություններ, նկատառումներ և դիրքորոշումներ։

«Բացի այդ, առանցքային հարցերի շուրջ քննարկումներ են անցկացվում նաև տարբեր քաղաքական ուժերի և պատասխանատու անձանց մասնակցությամբ, որից հետո կայացվում են համապատասխան որոշումներ»,- ասել է Ղազարյանը։

Ադրբեջանը կրակ է բացել Արցախի հետ շփման գծի ուղղությամբ
Ադրբեջանը Արցախի հետ շփման գծում կիրառել է ականանետ. ՊԲ
Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի հետ շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք
Արցախի խորհրդարանը կոչ է արել Հայաստանին անհապաղ դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ
Ադրբեջանը ձգտում է արտոնագիր ստանալ իրենց հանցավոր ծրագրերն անպատիժ իրականացնելու համար. Արցախի ԱԳՆ