Արցախի Ազգային ժողովը կոչ է արել Հայաստանին անհապաղ դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ։
Նախօրեին Վաշինգտոնում սկսվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Մինչ երկկողմ հանդիպման մեկնարկը նրանց հետ առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, տեղի են ունեցել նաև եռակողմ բանակցություններ։
«Կոչ ենք անում Վաշինգտոնում բանակցություններին մասնակցող հայկական պատվիրակությանն անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը։ Հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն»,- ասված է Արցախի Ազգային ժողովի ընդունած հայտարարության մեջ։
Կոչն ընթերցած ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հարգանքի տուրք մատուցեց առավոտյան ադրբեջանական հարվածի հետևանքով զոհված զինվորների հիշատակին և հայտարարեց, որ նրանց գործը շարունակվելու է։
Արցախի ՊՆ-ի փոխանցմամբ՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։Հայկական կողմն ունի 4 զոհ։