Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է միջազգային հանրությանը և միջկառավարական կառույցներին։
Նա միջազգային հանրության և միջկառավարական կառույցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդու նկատմամբ աննախադեպ բռնության, մարդկության դեմ զանգվածային հանցագործության փաստերի վրա:
«Շուրջ 3000 քառակուսի կիլոմետր տարածքում ստեղծելով ամենաբարդ համակենտրոնացման ճամբարը՝ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի (ԼՂՀ) Հանրապետության քաղաքացիների վրա փորձարկում է գիտության վերջին ձեռքբերումներն՝ ուղղված մի ամբողջ ժողովրդի՝ Արցախի Հանրապետության հայ բնակչության ապամարդկայնացմանը։»,- ասված է ուղերձում։
Նշվում է, որ ազատատենչ երկրի 120+30 (բռնի տեղահանված) հազարանոց բնակչությունը 8 ամիս շարունակ ամեն օր ենթարկվում է նվաստացման, սովի և ֆիզիկական բնաջնջման սպառնալիքների, ապրում է առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջազգային հանրությունը դատապարտեց և միջազգային իրավունքում ամրագրեց դրույթներ, որոնք ապագայում բացառում էին ֆաշիստական Գերմանիայի ոճրագործությունների կրկնությունը, դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում մեր ժողովուրդը կկանգնի բնաջնջման նոր մեթոդներով՝ ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև, և այդ ամենը նույնիսկ չի արժանանա միջազգային հանրության միջամտությանը՝ մարդկային մեծ ողբերգությունը կանխելու նպատակով։
«Արցախի ԱԺ նախագահն ահազանգում է՝ ապավինելով բոլոր նրանց խղճին, ումից կախված է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ մարդկության դեմ կատարված սարսափելի հանցագործությունը կանխելու որոշման ընդունումը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ագրեսոր երկրի կողմից իր անկախությունը ինքնահռչակած պետությունների նկատմամբ բռնությանն ու ագրեսիային վերաբերող միջազգային իրավունքի դրույթները, կոչ ենք անում պատասխանատու և պրոֆիլային միջազգային միջկառավարական ինստիտուտներին՝ գործարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ որպես ցեղասպանության և հայրենիքից մեր ժողովրդի բռնի տեղահանման կանխարգելման ամենագործուն ուղին»,- ասված է ուղերձում։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը կոչ է անում միջազգային միջկառավարական ինստիտուտներին հատուկ քրեական տրիբունալ հիմնել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ՝ Արցախի Հանրապետության տարածքում ժամանակակից համակենտրոնացման ճամբար ստեղծելու հանցագործության համար, որը պարբերաբար ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդ հանդիսացող բնակչությանը:
Նա լիահույս է, որ ժողովրդի կողմից ընտրված Գերագույն մարմնի ուղերձն անարձագանք չի մնա, և միջազգային հանրությունն ու միջկառավարական ինստիտուտներն անձնատուր չեն լինի ագրեսորներին և մարդասպաններին, այլ տեր կկանգնեն Արցախի Հանրապետության ժողովրդին:
Արցախի խորհրդարանի ղեկավարը համոզված է, որ վերը նշված վտանգներից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ «Ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա: