ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, հայտնել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին.
«Այցը կայացել է հոկտեմբերի 20-ին ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ Ձերբակալվածներին հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց հարազատների հետ»,- ասել է նա Հանրային հեռուստաընկերությանը։
Ընդհանուր առմամբ, ըստ Ամատունու, հոկտեմբերի ընթացքում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են նախկինում ձերբակալված բոլոր հայերին, որոնց գերության փաստը հաստատել են ադրբեջանական իշխանությունները։
«Խոսքը 2020-2021 թվականների ռազմական գործողությունների առնչությամբ կալանավորված անձանց մասին է, որոնց մենք վերջին տարիներին մշտապես այցելել ենք»,- ասել է նա։
Ադրբեջանում ձերբակալվել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, ԱԳՆ նախկին ղեկավար և ԼՂՀ նախագահի նախկին օգնական Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Ձերբակալվածների թվում են նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։