Արցախի ԱԳՆ-ն պահանջում է Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շարունակվող ապօրինի շրջափակման հարցը ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը։
«Անհրաժեշտ ենք համարում ներգրավված բոլոր դերակատարների ջանքերի համախմբումը՝ շրջափակման լիակատար և անվերապահ դադարեցման, ինչպես նաև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության միջազգային երկարաժամկետ մեխանիզմի ներդրման համար»,- ասվում է Հաքարի կամրջի վրա գտնվող ապօրինի անցակետում ադրբեջանցիների կողմից արցախցի 68-ամյա Վարիֆ Խաչատրյանի առևանգման առնչությամբ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ն պնդում է, որ Արցախի ժողովրդին որպես այդպիսին ոչնչացնելու Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող և գրեթե 8 ամիս շարունակվող ապօրինի շրջափակման հարցն անհապաղ քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
«Դիմում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ որպես տեղում ներկա և համապատասխան միջազգային մանդատով օժտված միակ միջազգային կազմակերպությանը՝ խստորեն հորդորելով արտահայտել իր հրապարակային դիրքորոշումը և միջազգային հանրությանն ու, առաջին հերթին, ՄԱԿ – ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին ներկայացնել փաստական և իրավական մանրամասն տեղեկատվություն Արցախում տիրող իրավիճակի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ»,- ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարությունում։
Հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության 68-ամյա քաղաքացին, որը բուժում ստանալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր քաղաք Երևան, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետում առևանգվել է Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: Արցախի քաղաքացու անցումը նախօրոք համաձայնեցվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: