Ադրբեջանը, որպես Ստեփանակերտի հետ բանակցություններ սկսելու պայման, պահանջում է Արցախից լուծարել Պաշտպանության բանակը, ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Նրանք (Ադրբեջանը – խմբ.) պատրաստ են մեզ գազ և լույս տալ, բայց դրա համար մենք պետք է գնանք Բաքու։ Հարց․ իսկ ինչո՞ւ չգնալ Բաքու։ Որովհետև Բաքուն այսօր մեզ հետ քննարկում է միայն մեկ թեմա՝ ինտեգրումը։ Նրանք (ընդդիմադիրներն) ասում են.. գնանք, կհամոզենք… Փորձել եմ, երկու տարի փորձել եմ, եթե մեկը գտնում է, որ ես վատ բանակցող եմ, ապա վերջին շրջանում չեմ բանակցում, բայց միևնույն է արդյունք չկա»,- ասել է նա խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ։
Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանն այդ օրակարգն առաջ է տանում ոչ միայն Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, այլ նաև ՄԱԿ-ում և Բլինքեն-Միրզոյան-Բայրամով բանակցություններում։
«Ադրբեջանը մեզ ասում է․ բանակցային սեղանի շուրջ նստելու առաջին կետը Պաշտպանության բանակի լուծարումն է։ Դե, բանակը լուծարեք, գնացեք բանակցությունների” Իսկ հաջորդականությունը կլինի հետևյալը․ բանակը ցրում ենք, պետական կառավարման համակարգը լուծարում, համայնքային ընտրությունների մեխանիզմ ենք ստեղծում, որից հետո գազ, լույս կտան ու թույլ կտան ճանապարհով երթևեկել, բայց արդեն որպես Ադրբեջանի քաղաքացիներ»,- ասել է նախագահը, նշելով, որ ինքը դեմ չէ բանակցություններին, բայց պետք է. հասկանալ, որ խնդիրներ կլինեն, ուստի պետք է բարձրացնել պաշտպանունակությունն ու դիմադրողականությունը:
Պաշտոնական Երևանն, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարության մակարդակով, բազմիցս հայտարարել է միջազգային մասնակցությամբ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության հաստատման անհրաժեշտության մասին։ Ըստ Հայաստանի իշխանությունների՝ սա, մասնավորապես, կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հստակ երաշխիքների ապահովման համար։