Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել՝ կապված Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստում ամփոփեց քննարկումները։
Միջազգային բարձր ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը․ «Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը անընդհատ և շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ», - ընդգծեց նա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նիստում հաստատվեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը և Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնալիքը։ Ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից չի կատարվել:
«Կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է։ Նաև միջազգային հանրությունը համատեղ կոչ է արել Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի անպօրինի շրջափակումն»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ այս կոչը չի կատարվել, և 22 բեռնատար՝ մոտ 400 տոննա մարդասիրական օգնությունով, դեռ սպասում են Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։ Բացի այդ, հավելեց Փաշինյանը, հումանիտար իրավիճակը օրեցօր վատանում է, Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդիկ շարունակ հայտնվում են ադրբեջանական նշանակետում։
«Ադրբեջանը, մի կողմից, փակել է մուտքը դեպի Ղարաբաղ Հայաստանի կառավարության կողմից ուղարկված 100 տոննա ալյուրի համար, մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ցանած հացահատիկը հավաքի։ Սա ևս մեկ փաստ է, որը հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը, ինչպես կառավարության նախորդ նիստերին, կրկին հայտարարեց, որ ստեղծված իրավիճակից լավագույն ելքը Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հաստատումն է և վերահաստատեց իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։