ՀՀ ԱԳ նախարարությունը շարունակում է ակտիվ աշխատանքները ՄԱԿ և այլ հարթակներում Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Անի Բադալյանը։
«Այսօր միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատև կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարևորության հարցում ձևավորված ընկալումը, առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով»,- ասել է նա՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին։
Խոսելով այն մասին, թե ինչու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի առնչությամբ կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի արդյունքներով որոշում չի կայացվել, Բադալյանը պարզաբանել է, որ ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում։
Բացի այդ, նրա խոսքով, ՄԱԿ ԱԽ բանաձևերի նախագծեր ներկայացնելու և քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 (մշտական և ոչ մշտական) անդամները։
«Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի»,- ասել է նա։
ԱԳՆ խոսնակը հավելել է, որ ՄԱԿ ԱԽ ձևաչափով քննարկումը տալիս է միջազգային հանրության ուշադրությունն իրավիճակի հնարավոր աղետալի հետևանքների շուրջ կենտրոնացնելու, դրա հասցեագրման ուղղությամբ Խորհրդի ջանքերն ակտիվացնելու և դրանց հնարավոր համադրման, հետագա քայլերը նախանշելու կարևոր հարթակ, հնարավորություն: