Հայաստանում կանցկացվեն իրազեկման միջոցառումներ, որտեղ կներկայացվեն իրական տեղեկություններ Արցախում տիրող իրավիճակի մասին։ Այս մասին շաբաթ օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքում ասել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Մոտ օրերս միջոցառումներ կսկսվեն։ Մեր պատվախնդիր քույրերն ու եղբայրները ստանձնել են Արցախում Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, արցախցիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը Մայր Հայաստանում և նրանից դուրս բոլոր միջազգային կառույցներին ներկայացնելու պարտավորությունը»,- ասել է Ներսիսյանը։
Նա ընդգծել է, որ Արցախում իրավիճակը շարունակում է մնալ աղետալի։ «Արցախցիների զրկանքներն օր օրի ավել են ծանրանում և խորանում։ Ասկերանի և Մարտունու շրջանների հետ տրանսպորտային կապն ընդհատված է, Մարդիկ զրկված են տարրական դեղորայք ու հիգիենայի պարագաներ ձեռքբերելու, իսկ ավելի քան 30 հազար երեխա և 2000-ից ավելի հղի կանայք բավարար սնունդ ստանալու հնարավորությունից: Գյուղերի բնակիչները չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ սկսել և ավարտին հասցնել: Դրանք իրականացվել են ընդամենը 30 տոկոսով, ինչն ավելի ուշ հանգեցնելու է ծանր հետևանքների»,- ասել է պետնախարարը։
Ներսիսյանը նշել է, որ Համաժողովրդական շարժման առանցքային գաղափարներից ու նպատակներից է, որպեսզի արցախցին իրեն երբեք միայնակ չզգա, որպեսզի զգա հայրենակիցների աջակցությունը։
Աշխարհի արձագանքը
Արցախի պետնախարարը համոզված է, որ «ամենակարճ ժամկետում ստանալու ենք միջազգային հանրության բազմաթիվ արձագանքներ»։ Արդեն իսկ կա ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը։
Նա անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությանը, որն, ըստ նրա, արձագանք է Արցախում նոր Համաժողովրդական շարժմանը։ ««Համոզված եմ, որ ամենակարճ ժամկետում ստանալու ենք բազմաթիվ արձագանքներ և ի վերջո, կոչերը և միջնորդությունները վեր են ածվելու գործնական քայլերի»,- ասել է նա, նշելով, որ բազմաթիվ հարթակներում պարբերաբար հնչում են հայտարարություններ և մեկնաբանություններ, ըստ որոնց՝ հայկական կողմն ունի բազմաթիվ բացեր և բացթողումներ բանակցային գործընթացում, որում ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
Ներսիսյանն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկության առարկա չէ. «Արցախի ժողովուրդը վաստակել և իրացրել է ինքնորոշման իրավունքը։ Արցախի ժողովրդի ճակատագիրը որոշում է Արցախի ժողովուրդը։ Արցախի ժողովրդի անունից ցանկացած զիջողական հայտարարություն առ ոչինչ է: Թող, որևէ մեկը թույլ չտա իրեն՝ սակարկելու, քննարկելու կամ զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի ինքնորոշման ու սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն ու ազատությունը»,- ասել է նա։
Պետնախարարը հիշեցրել է, որ հետպատերազմյան շրջանում Հայաստանի իշխանությունները հայտարարում էին նշաձողն իջեցնելու (ղարաբաղյան կարգավորման հարցում՝ խմբ.), Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, «բայց այդ ամենից հետո մենք այդպես էլ խաղաղություն, բարիդրացիական հարաբերություն, բարի և խաղաղասեր վերաբերմունք Արցախի ժողովրդի նկատմամբ որևէ տեղից չտեսանք»։ «Այս դեպքում Արցախի ժողովուրդն իրավունք ունի հրապարակայնորեն հարցնելու՝ հանուն ինչի են կատարվում այդ զիջումները եթե դրա հետևանքով Արցախի ժողովուրդը ամեն օր ոչ միայն տուժում է, այլև այդ ամենից ամեն օր ծանրանում է նրա ուսերին թողնված բեռը, զրկանքների ու տառապանքների մեջ են գտնվում Արցախում ապրող երեխաները: Եթե մենք խաղաղություն ենք ուզում այսպիսի գնով, ուրեմն խաղաղություն պետք չէ, մեզ խաղաղություն է պետք արժանապատիվ տեսքով»,- ընդգծել է Ներսիսյանը՝ կոչ անելով համաքաղաքացիներին երբեք չվհատվել։
Նա վստահ է, որ արցախցիները մենակ չեն մնա և կկարողանան ցույց տալ դեպի հաղթանակ տանող ճշմարիտ ուղին։
Պետնախարարը հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, ԵԽԽՎ բանաձեւերը, որոնք ամբողջությամբ արտացոլում են Արցախի ժողովրդի արդարացի և արդարացված պահանջները։ «Այդ փաստաթղթերը նսեմացնելու ինչ փորձեր էլ արվեն, վստահ եղեք, որ դրանք օրինական ուժ ունեն և կամքի դեպքում կիրականացվեն»,- ասաց Ներսիսյանը։
Լինել զգոն և երկխոսություն վարել
Նա նշել է, որ իրադարձությունները զարգանում են արագ տեմպերով, և պետք է միշտ պատրաստ լինել հավաքվելու, երկխոսության և որոշումներ կայացնելու։ «Մենք պետք է պահպանենք Շարժման մաքրությունը։ Վերածննդի հրապարակում և ռուս խաղաղապահների տեղակայման վայրում խփած վրաններում միշտ ներկա կլինեն մեր համաքաղաքացիները՝ պատրաստ օգնելու ուրիշներին։ Ոչ ոք իրեն միայնակ չի զգա»,- ասել է պետնախարարը։ խոստանալով անձամբ իր և իր ենթակաների աջակցությունը։
Նրա խոսքով, երեկ սկսված պայքարը կտեւի ոչ մեկ կամ երկու օր, այլ համառ պայքար է մղվելու Արցախի ողջ ժողովրդի մասնակցությամբ։