ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ:
«Ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն եմ նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը: Ընդգծել եմ միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով»,- գրել է Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նախօրեին Արցախի ՊԲ-ն արձանագրել է ադրբեջանական զինուժի մեծ քանակությամբ զինտեխնիկայի, այդ թվում՝ հրետանու տեղաշարժն ու կենտրոնացումը։