Իրանի արտգործնախարարի հետ զրույցում Միրզոյանը նշել է գործընկերների՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը զսպելուն ուղղված ջանքերի կարևորությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին՝ նախարար Միրզոյանը նշել է գործընկերների՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը զսպելուն ուղղված ջանքերի և ուղերձների, Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու կարևորությունը:
Տարածաշրջանում երկարատև կայունության հասնելու համատեքստում ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Երկուստեք վերահաստատվել է երկխոսությունը տարբեր հարթակներում և ձևաչափերով շարունակելու պատրաստակամությունը: