Այս պահին հրետակոծություններ չկան, Երասխի ուղղությամբ Ադրբեջանի բացած կրակից հետո սահմաններում տիրող իրավիճակի մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Երեկ և այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ (նախագծիի արժեքը 70 մլն դոլար է)։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու օտարերկրացի է վիրավորվել։ Նրանց վիրահատել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության։
«Այս պահին իրավիճակը համեմատաբար կայուն է, այսինքն՝ որևէ զինատեսակից գնդակոծություն չկա, կոնկրետ այդ քաղաքացիներն են եղել թիրախը, թե տեխնիկան, որի հետևանքով քաղաքացիական անձինք են տուժել, կպարզվի ավելի ուշ, և մենք հանդես գալ լրացուցիչ պարզաբանումներով»,- ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նա նշեց, որ որոշակի լարվածությունը կապված է Ադրբեջանի կողմից ապատեղեկատվություն տարածելու հետ, ինչին, որպես կանոն, սադրանքներ են հաջորդում։
«Մենք հնարավորինս օպերատիվ տեղեկատվություն ենք տրամադրում և շարունակում ենք տրամադրել, որպեսզի հանրությունը տեղյակ լինի»,- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ Ադրբեջանի գործողությունները վնասում են բանակցային գործընթացին։