Ռուսաստանը կվերլուծի, թե ինչու է Հայաստանը որոշում կայացրել զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի, այլ ոչ ՀԱՊԿ-ի հետ. Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նշելով, որ նման վերլուծություն կիրականացվի Երեւանի հետ երկխոսության արդյունքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այն, որ Հայաստանը չցանկացավ վարժանքներ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ, իսկ այժմ հայտարարել է ամերիկացիների հետ վարժանքներ անցկացնելու ցանկության մասին, հավանաբար մեզ համար դրանք որոշումներ են, որոնք պահանջում են շատ խորը վերլուծություն՝ պարզելու, թե կոնկրետ ինչու է Հայաստանը նման որոշումներ կայացնում, ինչ նպատակներ է հետապնդում»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նա ընդգծել է, որ Մոսկվան «կփորձի դա ըմբռնել և հասկանալ»։ «Բայց, ամեն դեպքում, մենք այս ամենը կանենք հայկական կողմի հետ սերտ, գործընկերային երկխոսության ընթացքում», - ասել է Պեսկովը։
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում, Երևանի մերձակայքում գտնվող «Զառ» ուսումնական կենտրոնում մեկնարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» համատեղ զորավարժությունները, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը։ Զորավարժություններին մասնակցում են 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։