Միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու նախապատրաստման շրջանակներում հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում կանցկացվեն «EAGLE PARTNER 2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Զորավարժություններին կմասնակցեն ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի, Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներ։
Զորավարժությունները ներառում են գործողություններ՝ կայունացնելու հակամարտող կողմերի հարաբերությունները՝ խաղաղապահ առաջադրանքներ կատարելիս։
Զորավարժությունների նպատակն է բարձրացնել խաղաղապահ գործողությունների շրջանակներում միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումների համակարգման մակարդակը, կառավարման և մարտավարական հաղորդակցության ոլորտում լավագույն փորձի փոխանակումը, ինչպես նաև հայկական ստորաբաժանման մարտական պատրաստվածության բարձրացումը։
Խաղաղապահ առաքելություններին նախապատրաստվելիս միջազգային խաղաղապահ գործողություններին նախապատրաստվող ստորաբաժանումները կանոնավոր կերպով մասնակցում են գործընկեր երկրներում նմանատիպ համատեղ զորավարժություններին և վարժանքներին: