Ռուսաստանը ափսոսում է ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի ղեկավարության մտադրության համար։ Այս մասին G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ցավում ենք դրա համար, Հայաստանի ղեկավարության գործողությունների համար, մենք այդպես էլ ասացինք»,- ասել է նախարարը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե ինչպիսին է ռուսական կողմի դիրքորոշումը հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ սրա մեջ ոչ մի լավ բան չկա. «Իհարկե, մենք ոչ մի լավ բան չենք տեսնում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Կովկաս: Չեմ կարծում, որ դա լավ է որևէ մեկի համար, այդ թվում՝ հենց Հայաստանի»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։
Դրանց ներգրավվելու է 175 հայ և մոտ 85 ամերիկացի զինծառայող (ԱՄՆ 101-րդ օդադեսանտային դիվիզիայի առաջին բրիգադից և Կանզասի ազգային գվարդիայից):
Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար։