Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի և Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների հետ, չորեքշաբթի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գաղտնիք չէ, որ մենք ծրագրում ենք զարգացնել Հայաստանի միջուկային ներուժը։ Դուք գիտեք, որ մեր ատոմակայանը ծառայության ժամկետ ունի։ Եվ հիմա մենք մի քանի գործընկերների հետ շատ ակտիվ բանակցություններ ենք վարում նոր ատոմակայանի կառուցման շուրջ»,- չորեքշաբթի ասել է կառավարության ղեկավարը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Փաշինյանի խոսքով, առաջիկայում հայկական պատվիրակությունը կայցելի ԱՄՆ՝ ծանոթանալու մոդուլային միջուկային ռեակտորների հնարավորություններին։ «Ամերիկյան տեխնոլոգիաները հնարավորություն կտան կառուցել մինչև 300 ՄՎտ հզորությամբ մոդուլներ՝ աստիճանաբար ավելացնելով առկա հնարավորություններն»,- ասել է վարչապետը։
ԱՄՆ ծրագրերը
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները դիտարկում են Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։
«Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ կառուցված փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (խմբ.՝ տեղակայման) հնարավորությունը, որոնք կարող են թույլ տալ ավելի մեծ էներգետիկ անկախություն ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից», - ասել է Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հայկական ԱԷԿ -ի մասին
Հայկական ԱԷԿ-ը Հարավային Կովկասի միակ ատոմակայանն է և արտադրում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: Կայանը կարևոր դեր է խաղում Հայաստանի էներգետիկ համակարգի և հանրապետության ողջ սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման համար:
Նրա ծառայության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականը, աշխատանքներ են տարվում այն ևս 10 տարով երկարաձգելու ուղղությամբ։ Աշխատանքները նախատեսվում է սկսել 2023 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին և ավարտին հասցնել երկու տարվա ընթացքում։
Բացի այդ, նախատեսվում է 8-10 տարվա ընթացքում երկրում կառուցել նոր ատոմակայան; Դիտարկվում է 1000-1200 ՄՎտ հզորությամբ տիպիկ ստանդարտ էներգաբլոկի տարբերակը: «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի և «Ռուսատոմ Օվերսեյս» ԲԲԸ-ի (Ռոսատոմ կոնցեռնի կառույց) միջև 2022 թվականի հունիսին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախապատրաստման գործընթացը: