Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկում «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով։ Քննարկման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի պօրինի արգելափակումը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը։
«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Միացյալ Նահանգներին նման կարևոր թեմայի վերաբերյալ այս բաց քննարկումը կազմակերպելու համար։ Շնորհակալ եմ Միավորված ազգերի կազմակերպության սովի կանխարգելման և արձագանքման համակարգողին՝ տիկին Ռինա Գելանին, և մյուս հարգելի զեկուցողներին՝ կոնֆլիկտային իրավիճակներում պարենային անվտանգության ամրապնդման միջոցով սովի կանխարգելման ուղիների վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացնելու համար: Սովը բազմիցս օգտագործվել է որպես պատերազմի և ցեղասպանության միջոց ողջ պատմության ընթացքում: Բայց այսօր ես չեմ պատրաստվում հիշել անցյալից օրինակներ կամ գնահատել սովի ապագա ռիսկերը հակամարտությունների համատեքստում։ Փոխարենը, ես կցանկանայի Խորհրդի ուշադրությունը հրավիրել այն իրավիճակի վրա, որը առկա է հիմա, այն իրավիճակի վրա, որտեղ մարդիկ չգիտեն, թե արդյոք կկարողանան գտնել կաթնախառնուրդ նորածինների համար, մի կտոր հաց երեխաների համար, կամ դեղամիջոց՝ ծանր հիվանդ հարազատների համար:
Մինչ մենք քննարկում ենք անցկացնում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությունը սպառնալիքի տակ է՝ Ադրբեջանի կողմից նրա լիակատար շրջափակման պատճառով։ Ավելի քան յոթ ամիս Ադրբեջանը շարունակում է արգելափակած պահել Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող մարդասիրական կյանքի ճանապարհը։ Այս անօրինական և անմարդկային քայլը խախտում է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որը վերահաստատվել է հուլիսի 6-ին, այն խախտում է նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
Այս տարվա հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի կողմից բոլոր մարդասիրական մատակարարումների ամբողջական արգելափակումը հանգեցրել է սննդի, բժշկական պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ծայրահեղ պակասի՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ։
Էլեկտրաէներգիայի և այլ մատակարարումների խափանումը պարալիզացրել է սոցիալական և առողջապահական ծառայությունները, տրանսպորտային համակարգը՝ մարդկանց զրկելով իրենց հիմնարար իրավունքներից օգտվելու հնարավորությունից: Շրջափակումը կործանարար ազդեցություն ունի բնակչության առավել խոցելի խմբերի համար։
Կենսական սննդի և վիտամինի պակասի հետևանքով մոտ 2000 հղի կին, մոտ 30 հազար երեխա, 20 հազար տարեց և 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ պայքարում է գոյության համար՝ թերսնման, դեղորայքի պաշարների բացակայության պայմաններում։
Ավելին, Ադրբեջանը շարունակում է թիրախավորել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչներին՝ հաստատելով բնակչությանը սովի մատնելու իր ակնհայտ մտադրությունը։ Այս ամենի մասին ահազանգել է նաև ԿԽՄԿ-ն, որը միակ միջազգային մարդասիրական առաքելությունն է ԼՂ-ում: Հուլիսի 25-ին ԿԽՄԿ-ն մտահոգություն է հայտնել աճող հումանիտար կարիքների վերաբերյալ և շեշտել, որ ներկայում ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով՝ միաժամանակ ընդգծելով, որ իր մարդասիրական փոխադրումները կենսական նշանակություն ունեն բնակչության համար։
Այս հաղորդագրությունից երեք օր հետո Ադրբեջանը ձերբակալեց 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով տեղափոխվում էր Հայաստան։ ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող անձի ձերբակալությունը, ում տեղափոխումը նախապես համաձայնեցված է եղել Ադրբեջանի հետ, սոսկ նենգ քայլ չէ, այլ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքի լավ հաշվարկված խոչընդոտում։
Առավել խոցելի խավերի կյանքը փրկելու, նրանց կարիքները հոգալու նպատակով Հայաստանի կառավարությունը հուլիսի 26-ին որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղ շուրջ 360 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հիմնականում սննդամթերք և բժշկական ապրանքներ մատակարարելու վերաբերյալ: Մենք դիմել ենք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին՝ կազմակերպելու մարդասիրական օգնության առաքումը կարիքավորներին, ինչը վերջին ամիսների ընթացքում ընդունված պրակտիկա է եղել։ Սակայն մինչ այժմ մարդասիրական բեռները Լաչինի միջանցքի մուտքի մոտ են, քանի որ ադրբեջանական կողմը չի թույլատրում դրա տեղափոխումը։
Տիկին նախագահող, Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը և սովի աճող ռիսկը պահանջում են միջազգային հանրության արդյունավետ և հստակ արձագանք՝ ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների լիարժեք և անվերապահ կատարումը, ինչպես նաև միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար հարգանքը։ Հուսով ենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երեկվա հայտարարությունը, որտեղ նա խորը մտահոգություն էր հայտնում հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ընդգծում էր Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման անհրաժեշտությունը, կլինի առաջին քայլը՝ տեղում ՄԱԿ-ի լիարժեք ներգրավման ճանապարհին։
Այդ ներգրավվածությունն անհրաժեշտ է, ինչպես երբևէ: Անգործության հետևանքները չափազանց թանկ են։ Մարդկանց սովի մատնելու միջոցով իրականացվող այս զանգվածային վայրագությունը պետք է և կարելի է կանխել ու դադարեցնել: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների և միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ Ադրբեջանի իրավական պարտավորությունների կատարումը, ինչպես նաև նրա կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի անհապաղ վերականգնումը և Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի գործակալությունների և ԿԽՄԿ-ի անվտանգ և անարգել մուտքի թույլատրումը»։