Հայաստանի վարչապետ նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա Էրդողանի երդմնակալության արարողության գլխավոր իրադարձություններից մեկն է եղել, հայտարարել է երեքշաբթի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հունիսի 3-ին Փաշինյանը թուրքական կողմի հրավերով գտնվում էր Անկարայում՝ մասնակցելու Թուրքիայի նախագահի պաշտոնում երրորդ անգամ վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։
«Վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում` թե՛ թուրք քաղաքական գործիչների, թե՛ միջազգային հանրության, և վարչապետի այցը, կարելի է ասել, գլխավոր իրադարձություններից մեկն է եղել այդ միջոցառման։ Որոշ գործընկերներ նեղսրտել են, որովհետև առաջին շարքի հյուրերին բարևելուց հետո նախագահ Էրդողանը յուրահատուկ մոտեցել է երկրորդ շարքում նստած ՀՀ վարչապետին և առանձնահատուկ ողջունել է»,– ասել է Սիմոնյանը լրագրողներին խորհրդարանում։
Սիմոնյանի պնդմամբ՝ Էրդողանը, թվարկելով իրեն շնորհավորած օտար երկրների ղեկավարների անունները, նշել է նաև Հայաստանի վարչապետի անունը։ «Տեսանյութեր ունենք, ընդհանուր առմամբ այս այցը բավականին դրական եմ գնահատում»,- շեշտել ԱԺ նախագահը։
Նա հավելել է, որ Փաշինյանի Թուրքիա այցի ընթացքում պաշտոնական հանդիպումներ չեն եղել.