Բավ է պառակտվել
24-05-2023 10:02

Մեզ համար անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն անտեսող ցանկացած հայտարարություն և փաստաթուղթ. Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է Արցախի Ազգային ժողովի երեկվա հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերի վերաբերյալ։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին՝ ղարաբաղցիների իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու պայմանով։

«Ընդգծում եմ, որ մեզ համար անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող ցանկացած հայտարարություն և փաստաթուղթ», - ասել է Հարությունյանը ներքին և արտաքին մարտահրավերների վերաբերյալ իր ուղերձում։

«Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է մեր ժողովրդի կամքը, որն ունի բավարար վճռականություն՝ իր իրավունքների ու շահերի համար պայքարելու: Վստահ եմ, որ պայքարողը միայնակ չի մնում, և ոչ միայն համայն հայությունն է շարունակելու սատարել մեր պայքարին, այլև միջազգային դաշտում նույնպես կգտնվեն արժեքահեն աջակիցներ։ Այո՛, իրավիճակը ծանր է, բայց ոչ՝ անելանելի, և Արցախի իշխանությունները կատարում և կատարելու են հնարավոր գործնական քայլերը արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ»,- ասել է նախագահը։

Արցախցիներ

Դիմելով արցախցիներին՝ Հարությունյանը հորդորել է ակտիվորեն և վճռականորեն ապացուցել, որ Արցախը չի կարող ճանաչվել որպես Ադրբեջանի մաս։

«Վերջիվերջո, Արցախը բոլոր հայերի հայրենիքն է՝ իր բացառիկ նշանակությամբ թե՛ հայոց պետականության և թե՛ հայ ազգի համար: Հայաստանի ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության տերը, և ինքն էլ պետք է վճռի նման համազգային ու կարևորագույն նշանակության հարցերը»,- ասել է նա։

Սփյուռքին

Երկրի ղեկավարը Սփյուռքի հայրենակիցներին կոչ է արել թոթափել հիասթափության, անզորության ու անտարբերության զգացողությունը և քաղաքացիության երկրների կառավարություններից ու Հայաստանի Հանրապետությունից պահանջել գործնական քայլեր Արցախի ինքնորոշման իրավունքի և անվտանգության երաշխավորման ուղղությամբ: «Ակնկալում ենք, որ յուրաքանչյուր սփյուռքահայ անհատ ու կառույց բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկեն աջակցելու Արցախին և զսպելու ադրբեջանական հանցավոր գործողությունները: Սփյուռքն ունի չիրացված հսկայական ներուժ, որն ի զորու է լրջագույն հաջողություններ ապահովել Հայրենիքի համար ճակատագրական հարցերում»։

Հայաստանի իշխանությունները

Հարությունյանը նաև կոչ է արել Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողությունից ու հայտարարությունից՝ հավատարիմ մնալով ներպետական ու միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին և համազգային իղձերին ու շահերին:

«Գիտակցելով հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության խոցելի վիճակը՝ մենք ըմբռնումով ենք մոտեցել տարբեր զարգացումների և գիտակցաբար կրել ու կրում ենք բազմաթիվ զրկանքներ՝ չեզոքացնելու համար մեզ ճնշելու միջոցով Հայաստանի Հանրապետությանը զիջումներ պարտադրելու բոլոր փորձերը: Սակայն կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի և անթույլատրելի ենք համարում: Եվ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն այդ կարմիր գծերից է, որը, վստահ ենք, համայն հայության գերակշիռ մասի համար մնում է այդպիսին: Արցախին առնչվող գործողություններում ու դիրքորոշումներում Հայաստանի Հանրապետության համար գլխավոր ուղենիշը պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտությունը, որն աներկբա կերպով դրսևորվել է անկախության և սահմանադրական հանրաքվեներով՝ Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի անվերապահ սատարմամբ: Իսկ Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունից լրիվ անջատ տրամաբանությամբ և Արցախի ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի հաշվին, որոնք, ի դեպ, կազմում են համայն հայ ազգի կենսական իրավունքների ու շահերի անբաժանելի ու կարևոր մասը»,- ասել է։

ՌԴ իշխանություններին

Դիմելով Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ բացելով Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը, վերացնելով ադրբեջանական բոլոր խոչընդոտները, ազատելով Արցախի 120,000 բնակչությանը ահաբեկչական պատանդառությունից և կանխելով ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի ժողովրդի հանդեպ:
«Անկախ Եռակողմ հայտարարության մյուս կողմերի գործողություններից՝ Ռուսաստանը ստանձնել է հստակ պարտավորություններ, որոնք լրջագույն հիմք են եղել պատերազմից հետո Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման համար: Ուստի, մենք ակնկալում ենք այդ պարտավորությունների անշեղ ու վճռական կատարում՝ հանուն Արցախի ժողովրդի և Ռուսաստանի դաշնության շահերի, ինչպես նաև՝ հայ ու ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության»,- ասել է նա։

Ադրբեջանի իշխանություններին

Նախագահը նաև կոչ է արել Ադրբեջանի ժողովրդին և իշխանություններին վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, պատրաստ լինել իրապես ընդունել ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները:

«Մենք պատրաստ ենք միջազգային ձևաչափով երկխոսության, հակամարտության կարգավորման և խաղաղության, սակայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Մենք որևէ սպառնալիք չենք ներկայացնում Ադրբեջանի հանդեպ, սակայն, մյուս կողմից, Արցախի ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ Արցախի Հանրապետությունը՝ սեփական ժողովրդին պաշտպանելու պարտավորություն: Չնայած Ադրբեջանից եկող մշտական սպառնալիքներին՝ վստահ եմ, որ խաղաղ ու արժանապատիվ միջավայրի կերտումը և դարավոր թշնամության ավարտը բխում են մեր ժողովուրդների շահերից ու ձգտումներից:»,- ասել է նա։

Միջազգային հանրությանը

Արցախի նախագահը միջազգային հանրության բոլոր դերակատարներին և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ առաջնահերթորեն ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման պատշաճ կատարումը Ադրբեջանի կողմից, ինչպես նաև անհրաժեշտ գործիքակազմերի կիրառմամբ երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին համապատասխան, ընդգծել է Հարությունյանը։

«Ոչինչ է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը և դրա իրացման փաստն անտեսող Փաշինյանի ցանկացած հայտարարություն»․ Արցախի ԱԺ
Արցախը հիասթափված է Պետդեպարտամենտի հայտարարությունից. ինչպե՞ս կարելի է դրական տարր գտնել Ալիևի՝ շանտաժի վրա հիմնված հայտարարության մեջ
Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Արցախի վերաբերյալ հակաադրբեջանական հայտարարության ընդունումը
Արցախի նախագահը աշխատանքից ազատել է հանրապետության բոլոր պետական ծառայողներին, բացառությամբ բարձրաստիճան պաշտոնյաների
Արցախցիները հավաքվել են հանրապետության ներկայացուցչության շենքի մոտ. իրավիճակը լարված է (տեսանյութ)