Հունգարիան արգելափակել է ԵՄ հայտարարության ընդունումը, որը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս մասին հայտնել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա կորպորացիայի եվրոպացի դիտորդ Ռիկարդ Յոզվիակը։
«Դա պետք է լիներ ԵՄ 27 երկրների հայտարարությունը, սակայն Հունգարիան արգելափակեց այն»,- գրել է նա իր X միկրոբլոգում՝ ներկայացնելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության միկրոբլոգում արված գրառումը։
«Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ափսոսանք է հայտնում այս սրման հետևանքով գրանցված մարդկային կորուստների համար»,- ասվում է Լեռնային Ղարաբաղում զարգացումների վերաբերյալ հայտարարության մեջ, որը ստորագրել է Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։
Նախորդ օրը Բորելն ասել էր, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքն ապահովելու համար։ Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին։