Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը միացել է Ստեփանակերտի հրապարակում անցկացվող նստացույցին։
Նախօրեին ուշ երեկոյան Թովմասյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել խորհրդարանական խմբակցությունների և հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ և հայտարարել, որ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին:
ԱԺ նախագահը նշել է, որ նստացույցը պայքարի ծայրահեղ միջոցներից է, բայց ոչ ամենածայրահեղը: «Արցախի ամբողջական պաշարումը օրեցօր հանգեցնում է վատթարագույն ծայրահեղության, ինչն անդառնալի հետևանքների պատճառ կդառնա»,- ասել է Արթուր Թովմասյանը: Նրա խոսքերը մեջբերում է Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Նախորդ գիշեր տեսաուղերձում Հարությունյանը հայտարարեց, որ հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակում վերահաս հումանիտար և անվտանգային աղետը միանում է Ադրբեջանի կողմից շրջափակման դեմ բողոքի նստացույցին։
«Սա լրացուցիչ ճիգ է միջազգային ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը պարտադրել կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների»,- ասաց Հարությունյանը։ Նա ակնկալում է, որ ՀՀ-ն, ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ի ԱԽ-ն և այլ լիազոր մարմիններ, ինչպես նաև մյուս դերակատարները զերծ կմնան առաջին հերթին Ադրբեջանի հետագա ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց և անտեսելուց, իսկ այնուհետ կկատարեն իրենց պարտավորությունները Եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հրամանների և միջազգային այլ ակտերի ու պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ: