Նախագահ Սամվել Շահրամանյանը, անդրադառնալով Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով բեռների տեղափոխման գործընթացին, նշել է, որ խորացող հումանիտար ճգնաժամը վերածվում է աղետի, իսկ բնակչության կյանքն ու առողջությունն Արցախի իշխանությունների համար բարձր արժեք են։
«Այս որոշումը մեր սուբյեկտայնության պահպանման հարցում ոչ մի զիջում չի նախատեսում»,- հավելել է հանրապետության ղեկավարը:
Ինչպես հայտնում է Արցախի նախագահի մամլո ծառայությունը, երկուշաբթի նա հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որտեղ կառավարության կազմին և դատական համակարգի պատասխանատուներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին:
Ամենօրյա աշխատանքում կառավարության անդամներից ակնկալելով խիստ կարգապահություն՝ նախագահ Շահրամանյանը հայտարարել է, որ պետական ինստիտուտների պահպանումը բոլորի գերխնդիրն է, և պետք է անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլողների դեմ: