ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլերը մեկնաբանել է Թեհրանում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։
«Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովրդի խաղաղությանն ու կայունությանը՝ անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, կամ ով է ընդունում դրանք։ Սրանով հանդերձ մենք ճանաչում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական նուրբ դիրքը Ռուսաստանի և Իրանի նկատմամբ, բայց այդ երկրներին վստահելի գործընկեր չենք համարում»,- ասել է Միլերը ճեպազրույցի ընթացքում։
Հնգակողմ հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով խաղաղ կարգավորման, ինքնիշխանության և ներքին գործերին չմիջամտելու կարևորությունը։ Նրանք նաև պայմանավորվել են ամրապնդել երկկողմ և բազմակողմ համագործակցությունը խաղաղության և տնտեսական զարգացման նպատակով՝ ողջունելով տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման գործընթացները։