Գնա ընտրության
02-05-2026 00:14

«Հրապարակ»․ Ռուսաստանը նոր պատժամիջոցներ է մշակում Հայաստանի դեմ՝ ի պատասխան հակառուսական քայլերի

«Հրապարակ»-ի բացառիկ տվյալներով՝ Հայաստանի իշխանությունների հակառուսական գործողություններին զուգահեռ, Ռուսաստանում մշակվում են Հայաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկեր։ Այս տեղեկությունները, որոնք արդեն հասանելի են բաց աղբյուրներում, բացեիբաց քննարկվում են ռուսական շրջանակներում։

Հակառուսական գործողություններ հրահրող քայլերի շարքում է դիտարկվում նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցը, որը Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես Երևանի հակառուսական քաղաքականության դրսևորումներից մեկը։

Ռուսական կողմը նախատեսում է սահմանափակումներ մտցնել Հայաստանից Ռուսաստան սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես՝ ծաղիկների ներկրման հարցում։ Բացի այդ, սահմանափակումներ կկիրառվեն նաև ՀՀ-ից որոշ հանքարդյունաբերական ապրանքատեսակների, ինչպիսիք են մոլիբդենային հանքաքարը և դեկորատիվ քարերը, գնման հետ կապված։

Պատժամիջոցների մյուս փաթեթը, որը համարվում է ավելի վտանգավոր, վերաբերում է Մեծամորի ատոմային էներգետիկայի միջուկային թափոնների ուտիլիզացման վերաբերյալ համաձայնագրերի վերանայմանը։ Սա նշանակում է, որ Ռուսաստանն այլևս չի ընդունի այդ թափոնները Հայաստանից, իսկ մեր երկրում դրանք ուտիլիզացնելու համապատասխան պայմանների բացակայությունը կարող է հանգեցնել լուրջ էկոլոգիական աղետի։

Բացի այդ, ՌԴ-ում նախատեսվում են անհատական սահմանափակումներ հայ բիզնեսմենների և պետական ծառայողների նկատմամբ, որոնք կվերաբերեն նրանց անշարժ գույքին և ֆինանսական ակտիվներին։ Չեն բացառվում նաև ոմանց ցուցադրական արտաքսումը ՌԴ-ից, մուտքի արգելքը և այլն։

Այս իրավիճակը վկայում է երկու երկրների միջև հարաբերություններում աճող լարվածության մասին, որտեղ Երևանի յուրաքանչյուր քայլ, որը Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես հակառուսական, անմիջական և կոշտ արձագանք է առաջացնում Մոսկվայից։

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ՌԴ՝ հանդիպելու Պուտինի հետ
Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերակառուցման շեմին է. Օվերչուկի հայտարարությունը
Հայ բեռնատարների վարորդներին թույլատրվել է ՌԴ-ում մնալ մինչև 180 օր. Մոսկվան վերանայել է կանոնները
Զատուլին. Փաշինյանը շարունակում է Հայաստանի քաղաքացիներին վախեցնել պատերազմով՝ իշխանությունը պահելու համար
Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանում բոլոր ռուսամետ կուսակցությունները կկարողանան մասնակցել ընտրություններին