
Հայ բեռնատարների վարորդների համար ուրախալի լուրեր կան. այս տարվա հունիսի 30-ից սկսած՝ Հայաստանից բեռնափոխադրողները կրկին կկարողանան Ռուսաստանի Դաշնության տարածքում մնալ մինչև 180 օր՝ մեկ տարվա ընթացքում։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած այս որոշումը վերանայում է նախկինում սահմանված 90-օրյա խիստ ժամկետը, որը լուրջ խնդիրներ էր առաջացրել տրանսպորտային ոլորտի համար։
Անցյալ տարի կիրառված միգրացիոն կանոնների խստացումները թույլ էին տալիս հայ բեռնափոխադրողներին Ռուսաստանում մնալ ընդամենը 90 օր։ Ժամկետը խախտողները տուգանվում էին կամ ստանում 3-5 տարվա մուտքի արգելք։ Այս սահմանափակումները բողոքի զանգվածային ակցիաների պատճառ դարձան բեռնափոխադրողների շրջանում, ովքեր նշում էին, որ նման ժամկետներն անիրատեսական են Հայաստանի համար։ Վերին Լարսի անցակետի հաճախակի փակումները կամ խցանումները ստիպում էին վարորդներին շաբաթներով մնալ ճանապարհին՝ սպառելով թույլատրելի օրերը դեռևս նպատակակետին չհասած։
Նոր կանոնները նպատակ ունեն հեշտացնել ԱՊՀ բոլոր երկրներից վարորդների աշխատանքը, ովքեր Ռուսաստան են մուտք գործում առանց վիզայի։ Սակայն այս արտոնությունից օգտվելու համար օտարերկրյա քաղաքացիները պետք է սահմանված կարգով դիմում ներկայացնեն՝ նշելով ՌԴ-ում գտնվելու իրենց նպատակը։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն առանձնահատուկ շեշտում է ruID հավելվածի օգտագործման կարևորությունը, որը Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների նախնական թվային գրանցման համակարգ է։
«Որպեսզի մարդատար և բեռնատար մեքենաների վարորդները կարողանան մեկ տարվա ընթացքում մինչև 180 օր գտնվել ՌԴ տարածքում, պետք է օգտվեն ruID հավելվածից։ Վարորդները հեռախոսային այս հավելվածում պետք է ներբեռնեն իրենց անձնագրի և բեռնափոխադրման փաստաթղթերի սկանավորված տարբերակները և պարտադիր նշեն այցի նպատակը, օրինակ՝ բեռնափոխադրում։ Բոլոր տվյալները պետք է ներկայացվեն մեկնումից առնվազն 72 ժամ առաջ։ Նույն ընթացակարգը պետք է անցնել յուրաքանչյուր մուտքից առաջ», – բացատրում է Բեժանյանը։ Նա նաև հորդորում է վարորդներին մինչև հունիսի 30-ը չլրացնել ՌԴ-ում գտնվելու իրենց 90 օրը, որպեսզի կարողանան օգտվել նոր, ավելի շահավետ պայմաններից։





