Գնա ընտրության
29-04-2026 22:07

Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. ԵԱՏՄ-ից ներմուծումը՝ միայն QR կոդով

Սույն թվականի հունիսի 1-ից Ռուսաստանը էականորեն փոխում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից ապրանքների ներմուծման կանոնները։ Նոր՝ ՍՊՈՏ համակարգը, պարտավորեցնում է ավտոմոբիլային ճանապարհով ապրանքներ ներկրող ընկերություններին նախապես վճարել հարկերը և ստանալ հատուկ QR կոդ։ Առանց այս կոդի՝ բեռնատարների մուտքը ՌԴ տարածք արգելվելու է։

Ըստ նոր պահանջների՝ եթե գործարարը ապրանք է ուղարկում Ռուսաստան՝ վաճառքի համար, ՌԴ-ում ներմուծող ընկերությունը պետք է նախապես վճարի դրա հարկը և QR կոդ ուղարկի արտահանողին։ Միայն այդ կոդը ստանալուց և սահմանին ներկայացնելուց հետո գործարարի բեռնատարն ու բեռը կկարողանան մուտք գործել ՌԴ։ Ռուսաստանյան ներմուծողը պարտավոր է բեռի հետ կապված թղթաբանությունը կատարել և ավելացված արժեքի հարկը նախապես վճարել նախատեսվող ներմուծումից երկու օր առաջ։

Ռուսաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ ՍՊՈՏ համակարգը ներդրվում է անբարեխիղճ ներմուծողներին հարկելու և առևտրային գործարքների հարկային վերահսկողությունը բարձրացնելու նպատակով։ Մոսկվայում հաշվարկել են, որ միայն այս տարի ՍՊՈՏ-ի ներդրմամբ բյուջե կմուտքագրվի լրացուցիչ 50 միլիարդ ռուբլի (մոտ 670 միլիոն դոլար)։ Հարկ է նշել, որ նոր կանոնները չեն տարածվի դրամական միջոցների, փաստաթղթերի, նավթի, էլեկտրաէներգիայի մատակարարումների, ինչպես նաև անձնական օգտագործման բեռների վրա։

ԵԱՏՄ-ն, որի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը, հիմնված է ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքի վրա։ Սակայն փորձագետները մտահոգություն են հայտնում, որ ռուսական նոր կանոնները կարող են լուրջ ոչ սակագնային խոչընդոտ դառնալ ներմուծողների համար։ Տնտեսագետ Կայրատ Իտիբաևը նշում է, որ այս քայլը կարող է դիտարկվել որպես «անտոկոս պատնեշ» և կարող է վիճարկվել ինտեգրացիոն միության դատական մարմիններում, թեև դրա «սխալ լինելը» ապացուցելը բարդ կլինի, քանի որ ռուսական կողմը կարող է հղում անել հարկային վերահսկողության և թվայնացման իր իրավունքին։

Գործնականում այս նորամուծությունը լրացուցիչ գլխացավանք է ստեղծում բիզնեսի համար։ ՌԴ մուտք գործող յուրաքանչյուր բեռ այժմ կախված է ռուսական կողմի ներմուծողի գործողությունների ժամանակին լինելուց՝ փաստաթղթերի ձևակերպումից, վճարումից և QR կոդի ուղարկումից։ Օրինակ, եթե Հայաստանից եկող բեռնատարներն արդեն կանգնած են սահմանին՝ լի բեռներով, իսկ ռուսաստանցի գործընկերը դեռ QR-ը չի ուղարկել, մեքենաները ստիպված կլինեն մնալ սահմանին, իսկ այդ «ՍՏՈՊ»-ի ծախսն, ըստ էության, կկրի մատակարարը։ Սա կարող է հանգեցնել լոգիստիկ ծախսերի աճի և մատակարարումների ուշացումների, ինչը բացասաբար կանդրադառնա ԵԱՏՄ ներսում առևտրային հարաբերությունների վրա։

Ռուսաստանը տնտեսական ճնշում է գործադրում Հայաստանի վրա. հարյուրավոր բեռնատարներ՝ սահմանին
«Կանաչ ոսկու» բումը. ինչո՞ւ է շոկոլադը կտրուկ թանկանում ամբողջ աշխարհում - Gisher News
Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է կորիզապտղավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը Հայաստանից
Ռուսաստանը սահմանափակում է հայկական մրգերի ներկրումը. Լուրջ մարտահրավեր գյուղատնտեսության համար
Ռոսսելխոզնադզորը պահանջում է. Հայաստանը պետք է կասեցնի ձկան արտահանման հավաստագրումը ՌԴ