22-07-2026 15:52

Համաշխարհային բանկի զեկույցը նախազգուշացնում է Հայաստանի տնտեսության վտանգավոր միտումների մասին. Անանյան

Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին։ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը վերլուծում է տվյալները՝ իշխանություններին մեղադրելով մարտահրավերներին անպատրաստ լինելու համար։

Անանյանի խոսքով՝ թեև 2026 թվականի մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 11.7%-ով, իսկ հունվար-մայիսին՝ 8%-ով, սակայն նույն ժամանակահատվածում արտահանումը նվազել է 3.7%-ով, իսկ ներմուծումն աճել՝ 2.2%-ով։ Առևտրային պակասուրդը հասել է տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի շուրջ 7%-ին, ընդ որում, միայն մայիսին Ռուսաստան արտահանումը կրճատվել է 15%-ով։

Հունիսին գնաճը հասել է 5.1%-ի, իսկ պարենային ապրանքների գնաճը՝ 8.6%-ի։ Անանյանը նաև վիճարկում է բյուջեի՝ առաջին հայացքից դրական թվացող 0.8%-անոց հավելուրդը՝ պնդելով, որ այն ձևավորվել է կապիտալ ծախսերի 54.5% կրճատման և պաշտպանության ծախսերի դադարեցման պայմաններում։

Համաշխարհային բանկն առանձին ընդգծում է Ռուսաստանի հետ քաղաքական զարգացումներից բխող ռիսկերը։ Զբոսաշրջիկների 40%-ը և մայիսյան զուտ դրամական տրանսֆերտների 61%-ը Ռուսաստանից են, ինչն ամրապնդել է դրամը, մեծացրել բանկային իրացվելիությունը և աջակցել ներքին պահանջարկին։ Կախվածությունը միաժամանակ վերաբերում է արտահանմանը, տրանսֆերտներին, զբոսաշրջությանը, ներքին սպառմանը, փոխարժեքին և էներգետիկ անվտանգությանը։

Մայիս-հունիսին Ռուսաստանը սահմանափակել է հայկական գյուղատնտեսական արտադրանքի, ծաղիկների, ձկնամթերքի, հանքային ջրի և ալկոհոլային խմիչքների մուտքն իր շուկա։ Համաշխարհային բանկը զգուշացնում է. եթե այդ սահմանափակումները պահպանվեն կամ ընդլայնվեն, դրանց հետևանքները դուրս կգան արտաքին առևտրի շրջանակից և կհարվածեն տնտեսական աճին, գներին ու սոցիալական պայմաններին։

Հայաստանի իշխանություններն այս վտանգին հակադրում են տրանսպորտային և մաքսային ծախսերի պետական փոխհատուցում և արտահանումը ԵՄ շուկա արագ վերաուղղելու մասին լավատեսական հայտարարություններ։ Անանյանը «անհեթեթ» է անվանում այդ սպասումները՝ պնդելով, որ Եվրամիության օժանդակությունը, թեև քաղաքականապես կարևոր է, սակայն տնտեսական ծավալով սահմանափակ է։

Եվրոպական շուկան պահանջում է որակի և անվտանգության այլ չափանիշների համապատասխանություն, սերտիֆիկացում, հետագծելիություն, թանկ լոգիստիկա և տարիներով կառուցվող գործարար կապեր։ Թարմ գյուղմթերքը կամ ձկնամթերքը հնարավոր չէ կառավարության որոշմամբ մեկ օրում տեղափոխել այլ շուկա։ «Մաքսատուրքից ազատված ապրանքը դեռ վաճառված ապրանք չէ», — ընդգծում է Անանյանը։

Անանյանը մեղադրում է իշխանություններին Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները հետևողականորեն առճակատման հասցնելու, բայց տնտեսությունը նույն Ռուսաստանից բազմաշերտ կախվածության մեջ թողնելու համար։ Նրա կարծիքով, կառավարությունը չի կառուցել տնտեսական անվտանգության բարձիկներ, չի պատրաստել արտադրողին և չի ստեղծել իրատեսական այլընտրանքներ։ Անանյանը պնդում է, որ այդ անկարողության գինն այժմ պետք է վճարեն ջերմոցատերը, գյուղացին, ձկնաբույծը, գինեգործը, արտահանողը, սպառողն ու հարկ վճարողը, քանի որ իշխանությունը փորձում է իր չկատարած աշխատանքի հետևանքները ծածկել պետական բյուջեից տրամադրվող փոխհատուցումներով։ Անանյանը եզրակացնում է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական կախվածությունը վեր է ածել քաղաքական հարկադրանքի գործիքի, իսկ Հայաստանի իշխանությունը, չկարողանալով ո՛չ կառավարել ու թուլացնել այդ կախվածությունը, ո՛չ ստեղծել դրա իրատեսական այլընտրանքը, իր աշխարհաքաղաքական իմպրովիզացիայի ամբողջ գինը փոխանցել է Հայաստանի տնտեսությանն ու քաղաքացիներին։

Իրանում պատերազմը մեծացնում է գնաճային ռիսկերը Հայաստանում
Ռուսական արգելքները նվազեցրել են արտահանումը. Տնտեսագետը մտահոգ է, կառավարությունը՝ բանակցում, ԵՄ-ն՝ օգնություն է առաջարկում
Փաշինյան. Հայաստանը չի վախենում գների աճից՝ նպատակ ունենալով դառնալ «աշխարհի խաչմերուկ»
Ռոսսելխոզնադզորը պահանջում է. Հայաստանը պետք է կասեցնի ձկան արտահանման հավաստագրումը ՌԴ
Հայաստանի ԿԲ. Ռուսաստան արտահանման սահմանափակումները կարող են կրճատել ՀՆԱ-ն 2%-ով