Հայաստանում 2022 թվականին գրանցվել է թոքերի քաղցկեղի 883 և կոկորդի քաղցկեղի 114 դեպք, ինչը բարձր է 2021 թվականի ցուցանիշներից (810 դեպք), ասել է ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Նաիրա Ջանոյանը։
Նա նաև ասել է, որ 2022 թվականին արձանագրվել է կոկորդի քաղցկեղի 114 նոր դեպք (2021 թվականին՝ 120 դեպք), նշելով որ քաղցկեղի առաջացման ռիսկի գործոններից էէ նաև ծխելը։
Ջանոյանի խոսքով՝ ծխողների մոտ մի քանի անգամ ավելանում է ուռուցքաբանական հիվանդությունների ռիսկը, մասնավորապես՝ 2-3 անգամ ավելանում է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը։ Նա նաև ընդգծել է, որ ծխող տղամարդկանց 80%-ի և ծխող կանանց 50%-ի մոտ առաջանում է գալիս թոքերի քաղցկեղ:
«Եթե մարդն օրական ծխում է 1-14 սիգարետ, ապա թոքերի քաղցկեղի առաջացման գործակիցը 7,9 է, իսկ եթե մեկ տուփ ծխում է, ապա այդ գործակիցը հասնում է 25-ի»,- ասել է նա։
Ջանոյանն ուշադրություն է հրավիրել պասիվ ծխելու վտանգների վրա՝ պասիվ նյութը նստում է շնչուղիներում, ինչը բազմաթիվ հիվանդություններ է առաջացնում։
Հանրային առողջապահության փորձագետ, սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը ասել է, որ ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում գերակշռում են սրտանոթային և ուռուցքաբանական հիվանդությունները։ Նա նշել է, որ ծխախոտի օգտագործումը այս հիվանդությունների առաջացման ռիսկի առաջին գործոնն է։
«Սրտի բաց վիրահատության ենթարկված հիվանդների 70%-ից ավելին ծխող է եղել, այսօր ծխելը տարածվում է կանանց և դեռահասների շրջանում»,- ասաց նա։
Հովակիմյանը նշել է ծխելու դեմ պայքարի միջոցառումների և ծրագրերի կարևորությունը։ Նրա խոսքով, ծխելու տարածվածության նվազմամբ հասարակությունն ավելի առողջ կդառնա։