Հայաստանում COVID-19-ով հիվանդացության աճ է նկատվում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նրա խոսքով՝ վերջին 14 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 68 դեպք, ինչը 31-ով ավելի է նախորդ 2 շաբաթվա ցուցանիշից։ Վիրուսի վերարտադրման գործակիցը մոտ է 1-ին, ինչը նշանակում է տեմպի մի փոքր արագացում։
Կորոնավիրուսի ակտիվությունը, ինչպես նշեց փորձագետը, կապված է Omicron վիրուսի նոր շտամի հետ, որն ախտահարում է ավելի շատ մարդկանց, սակայն հիվանդության կլինիկական ընթացքը գրեթե նույնական է Omicron-ի հետ։
«Հարկ է նշել, որ այս շտամով վարակվելու դեպքերը մեծ մասամբ գրանցվում են որպես թեթև, ինչը պայմանավորված է կոլեկտիվ իմունիտետով, սակայն հնարավոր է, որ ռիսկի խմբում գտնվող մարդկանց մոտ հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ»,- զգուշացրեց նա։
Աբովյանն ընդգծեց, որ կորոնավիրուսի արձանագրված դեպքերի աճը կարող է պայմանավորված լինել հիվանդության վաղ ախտորոշմամբ. Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների ախտանիշներով բոլոր հիվանդները պետք է թեստավորվեն COVID-19-ի համար։ Նա չբացառեց նաև եղանակային պայմանների պատճառով հիվանդացության աճի հավանականությունը։
«Մշտապես համաճարակաբանական մոնիթորինգ և հետազոտություն է իրականացվում՝ հիվանդացության միտումները պարզելու համար, որպեսզի ժամանակին միջոցներ ձեռնարկվեն, այս պահին հիվանդացության կտրուկ ակտիվացում չունենք»,- ասաց նա։
Փորձագետը նշեց, որ Հայաստանի պոլիկլինիկաներում իրականացվում է կորոնավիրուսի դեմ պատվաստում։ Շուտով կսկսվի նաև գրիպի դեմ պատվաստումը։
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածության դեպքերն աճել են 63%-ով՝ հուլիսի 17-ից օգոստոսի 13-ը 104 երկրներում գրանցվել է վարակման 1,4 մլն դեպք։ Միաժամանակ մահացությունն այս ժամանակահատվածում նվազել է 56%-ով։ Չորս շաբաթվա ընթացքում դեպքերի ամենամեծ թիվը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Ավստրալիայում, Սինգապուրում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում: