Հայաստանում օրերս հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը, հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարությունից։
Սեպտեմբերի 12-ի տվյալներով` վերջին 7 օրում մեր երկրում արձանագրվել է COVID-19-ի 71 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ (42 դեպք) աճել է 29-ով:
Թեստավորման դրական արդյունքները ևս նախորդ շաբաթվա համեմատ աճել են` կազմելով 29.1% (նախորդ շաբաթ՝ 28.4%):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` COVID-19-ի դեպքերի աճ է գրանցվում ամբողջ աշխարհում, իսկ եվրոպական տարածաշրջանում աճում է օմիկրոնի մի քանի ենթատեսակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը: Հիմնականում շրջանառվում են օմիկրոնի BA.2.86 (Pirola) և EG.5 (Eris) տարբերակները։
Կորոնավիրուսի և սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման նպատակով Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել Covid-19-ի և սեզոնային գրիպի դեմ, իսկ բնորոշ ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել բժշկի։