ԱՄՆ Կոնգրեսի «Հայկական խմբի» նախագահ Ֆրենկ Փալոնը, ներկայացուցիչներ Ջիմ Կոստան և Բրեդ Շերմանը միացել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրների երկկուսակցական խմբին, որը կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու Ադրբեջանի ներխուժումը Հայաստան։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Ադրբեջանի զինված ուժերի հետագա ագրեսիան և լայնամասշտաբ պատերազմը Հարավային Կովկասում կանխելու հնարավորությունը սպառվում է։ Ալիևից (Ադրբեջանի նախագահ Իլհամ՝ խմբ.) եկող ազդանշանները ցույց են տալիս, որ նրա էթնիկ զտումների արշավը չի ավարտվի Արցախի վրա ռազմական հարձակմամբ»,- ասվում է կոչում։
Ամերիկացի օրենսդիրներն առաջարկել են չորս կոնկրետ ուղի, որոնցով ԱՄՆ-ը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիան, այդ թվում.
- Կիրառել Ադրբեջանի դեմ Մագնիտսկու գլոբալ օրենքը և այլ պատժամիջոցներ՝ «Արցախի վրա ռազմական հարձակման և նրա փլուզման և դրա հետ կապված վայրագությունների և մարդու իրավունքների ոտնահարման մեջ ունեցած դերի համար»
- Կասեցնել 907-րդ հոդվածը և դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը,
- աջակցություն ցուցաբերել Հայաստանին անվտանգության ապահովման հարցում,
- միջազգային դիտորդներ և խաղաղապահներ տեղակայել Հայաստանում՝ ադրբեջանական ներխուժումը կանխելու համար։
Օրենսդիրը նաև կոչ են արել «ընդլայնել ԱՄՆ և միջազգային մարդասիրական օգնությունը Արցախից բռնագաղթած հայ փախստականներին և ջանքեր գործադրել՝ ապահովելու Արցախի գերեվարված պետական պաշտոնյաների և հայ ռազմագերիների անվերապահ ազատ արձակումն ու համաներումը»։