Հայաստանի իշխանությունները մշակում են «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, որը կարտացոլի Հայաստանի պատկերացումները տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգի վերաբերյալ։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
«Հենց հիմա մենք հրատարակության ենք ուղարկել մի նյութ՝ բրոշյուր, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»: Այն անգլիալեզու է, որտեղ արտահայտված են մեր պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և «խաղաղության խաչմերուկի» հայեցակարգի մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, գործնականում հայ հանրության համար, բացի ռեբրենդինգից, նոր բան չկա, բայց կարևոր էր եվրոպական ամբիոնից պարզաբանումներ անելը։
«Մենք ներկայացնում ենք հնարավոր երթուղիները, առաջարկները, և դա մենք ընկալում ենք որպես տարածաշրջանային նախագիծ և պատրաստվում ենք այդ նախագիծն ուղարկել միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց արձագանքը»,,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ բրոշյուրը հասանելի կլինի և՛ խորհրդարանական գործընկերներին, և՛ ՀԿ-ներին, և՛ բոլոր ցանկացողներին: Ըստ նրա՝ այսօր երեկոյան արդեն տպագիր նյութը պատրաստ կլինի: