Բավ է պառակտվել
13-06-2020 14:37

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեն արձագանքել է ԵԽ պատգամավորների հայտարարությանը

Եվրոպական Խորհրդարանի երեք պատգամավորների կողմից արված հայտարարության վերաբերյալ այսօր՝ հունիսի 12–ին, հայտարարությամբ են հանդես եկել Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամները։

Հիշեցնենք որ ավելի վաղ Gisher.News-ը գրել էր այն մասին, որ զեկուցողների հայտարարությունը ոչ միայն միակողմանի կանխակալ է և հակահայկական, այլև նպաստում է տարածաշրջանում լարվածության խորացմանը։ 

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Մենք` Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի ներքոստորագրյալ անդամներս, մեր խորին հիասթափությունն ենք հայտնում Եվրոպական Խորհրդարանի երեք պատգամավորների` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցերով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոյի կողմից արված ապակառուցողական և կողմնակալ դիրքորոշման, ինչպես նաև իրենց վնասակար և ապակողմնորոշիչ հայտարարության կապակցությամբ, որն, անկասկած, բացասական ազդեցություն է ունենալու մեր փոխգործակցության վրա:
Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեին միշտ վերաբերել ենք որպես արժեքավոր հարթակ, որտեղ իրական գործընկերները քննարկում են միմյանց մտահոգող բոլոր հարցերը:
Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների իրավական հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365 հոդվածի համաձայն` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն «...պետք է հանդիսանա հանդիպումների և կարծիքներ փոխանակելու հարթակ»:
Խորհրդարանական երկկողմ հանձնաժողովները հակամարտությունների լուծման հարթակ կամ միջնորդության ձևաչափ չեն և կոչված են զարգացնելու փոխշահավետ և արդյունավետ խորհրդարանական գործընկերություն և համագործակցություն երկկողմ ձևաչափով` մի կողմից Եվրոպական միության և Հայաստանի միջև, մյուս կողմից` Եվրոպական միության և Ադրբեջանի միջև, ընդ որում` առանց մեկը մյուսի հաշվին իրականացնելու:
Վերոնշյալ հեղինակների կողմից հրապարակված այս հայտարարությունը խիստ մտահոգություններ է առաջացնում հեղինակների վստահելիության, ազնվության և կոմպետենտության առնչությամբ:
Նրանք նախընտրեցին անտեսել համագործակցության և քննարկումների այս կարևոր հարթակը և, անելով այս հակասական հայտարարությունը, չարաշահեցին համանախագահի և զեկուցողների իրենց պաշտոնական դիրքը:
Մի կողմից հայտարարությունը վերահաստատում է «անսասան աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց կողմից ներկայացված 2009 թվականի հիմնարար սկզբունքներին», իսկ մյուս կողմից` ամոթալի կերպով խեղաթյուրում հիմնարար սկզբունքների բուն էությունը:
Հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի տարածքի առնչությամբ երկու անգամ օգտագործվում են «գրավյալ» և «օկուպացիա» տերմինները: Սակայն հեղինակները պետք է իմանային, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղը կամ որևէ այլ տարածք չեն համարում «գրավյալ տարածք»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններում Լեռնային Ղարաբաղը չի սահմանվում որպես «գրավյալ»: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղն «օկուպացված» անվանելը որևէ կերպ չի համապատասխանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և դա չի հանդիսանում Եվրոպական խորհրդարանի, Եվրամիության և համաեվրոպական կառույցների դիրքորոշումը:
Հարկ ենք համարում ընդգծել, որ հայտարարության վերջին նախադասությունը ներառում է բացառապես Ադրբեջանի կողմից քարոզվող դիրքորոշումը, որը սիրում է կրկնել, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: Այս նախադասությունն ինքնին հակասում է մոտ երեք տասնամյակ տևող խաղաղ գործընթացի տրամաբանությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված 2009 թվականի հիմնարար սկզբունքները և տարրերը չեն կանխորոշում բանակցությունների արդյունքները (մի բան, որ հստակորեն ակնարկվում է հայտարարության մեջ):
Ընդհակառակը, հեղինակների կողմից հղում արված հիմնարար սկզբունքների համաձայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամաարտահայտության միջոցով:
Այս ֆոնին համանախագահներին և հիմնարար սկզբունքների նկատմամբ արտահայտված «անսասան աջակցությունը» բացարձակապես անապացույց է և ինքն իրեն հակասող:
Մենք նաև հաշվի ենք առել տիկին Կալյուրանդի կողմից ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայկական կողմին հաջորդիվ տրված բացատրությունը, համաձայն որի հայտարարության մեջ արված «հակամարտության խաղաղ կարգավորումը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում» նախադասությունը «չի վերաբերում Ադրբեջանի ներկայիս միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այլ` Ադրբեջանի ցանկացած ապագա այն սահմաններին, որոնք կարող են միջազգայնորեն ճանաչվել համաձայնության հասնելուց հետո»:
Ակնհայտ է, որ հայտարարության վերաբերյալ տրված վերոնշյալ բացատրության բովանդակությունը հստակորեն մատնացույց է անում, որ հայտարարության հեղինակներն ի վիճակի չեն ներկայացնել կոմպետենտ մեկնաբանություններ խաղաղ կարգավորման այս բարդ գործընթացի և դրա հիմնարար սկզբունքների վերաբերյալ:
Հայտարարությունն առավել քան անընդունելի է դարձնում նաև այն հանգամանքը, որ այն արվել է վերջերս Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի կողմից հնչող նոր ռազմատենչ հայտարարությունների պայմաններում, որոնք սպառնում են սանձազերծել նոր պատերազմ: Կարևոր է նշել, որ նման հայտարարությունները կարող են օգտագործվել Ադրբեջանի ավտորիտար և ռազմատենչ պաշտոնյաների կողմից որպես թույլտվություն և առիթ Արցախի ժողովրդի դեմ ուժ կիրառելու և ռազմական ագրեսիա իրականացնելու համար: Բոլոր նրանք, ովքեր սատարում են Ադրբեջանի նկրտումներն ապամարդկայնացնելու Արցախի ժողովրդին, կիսում են տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու պատասխանատվությունը և կդառնան տարածաշրջանում ագրեսիայի ծավալման մեղսակիցը:
Մենք նաև խիստ կասկածելի ենք համարում այն պատրվակը, որն օգտագործվել է այս հայտարարությունն անելու համար համար: Մենք գտնում ենք, որ հայտարարության հեղինակների իրական նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միակողմանի դիրքորոշում ներկայացնելն է, ինչը մշտապես փորձել է Ադրբեջանը և ձախողել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:
Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ նախքան մայրուղու կառուցման առնչությամբ մտահոգություն արտահայտելը, կան բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են մեր գործընկերների արձագանքը և որը կարող է փրկել մարդկային կյանքեր: Ճանապարհի կառուցումը, որի նպատակն է ապահովել հիմնական ենթակառուցվածք մի ժողովրդի համար, որը, անկախ իր տարածքի քաղաքական կարգավիճակից, ունի իրավունքներ, չի կարող համարվել առավել վտանգավոր, քան բռնապետական վարչակարգ ունեցող երկրի առաջնորդի կողմից տարածաշրջանում վերահաս պատերազմի սանձազերծման վերաբերյալ հնչեցվող սպառնալիքները, կամ էլ համաճարակի պայմաններում Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների շարունակական խախտումները, որոնք արձանագրվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների կողմից: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցանկությունն ունենալ հաղորդակցության հիմնական միջոցներ բխում է իրենց հիմնարար իրավունքներից և չի կարող վտանգել տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը:

Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող պարոն Տրայան Բեսեսկուի դիրքորոշումը, ով հայտնի է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած իր սերտ և պարգևատրված կապերով, ինչպես նաև Ռումինիայում բնակվող հայերի հանդեպ նախկինում արտահայտած հակասական հայտարարություններով, խիստ մտահոգիչ է, քանզի ի ցույց է դնում այն հանգամանքը, որ պարոն Տրայան Բեսեսկուն ի վիճակի չի եղել վեր կանգնել նախկինում իր ունեցած կապերից և իր ներկայիս պարտականությունները կատարել բարեխղճությամբ և արժանավայել կերպով:
Հաշվի առնելով վերոնշյալը` մենք վերահաստատում ենք մեր հստակ և աներկբա անհամաձայնությունը տիկին Մարինա Կալյուրանդի, պարոն Տրայան Բեսեսկուի և տիկին Զելյանա Զովկոյի հայտարարության կապակցությամբ, և հայտնում մեր խորը մտահոգությունն անընդունելի ձևակերպումներ պարունակող միակողմանի ու կողմնակալ հայտարարություններ տարածելու, ինչպես նաև իրենց պաշտոնական դիրքն անձնական տեսակետներ արտահայտելու համար օգտագործելու կապակցությամբ:
Այս համատեքստում, ԵՄ-Հայաստան Խորհրդարանական գործընկերության կոմիտեում Հայաստանի պատվիրակությունն իրեն իրավունք է վերապահում վերագնահատել և վերանայել իր հետագա փոխգործակցությունը տիկին Մարինա Կալյուրանդի, պարոն Տրայան Բեսեսկուի և տիկին Զելյանա Զովկոյի հետ` իրենց ներկա կարգավիճակում:
Միաժամանակ, ցանկանում ենք վերահաստատել խորհրդարանական համագործակցության ձևաչափում Եվրոպական Միության հետ մեր գործընկերության և շարունակական համագործակցության կարևորությունը»։