Հայաստանում դատավորների, դատախազների, քննիչների աշխատավարձերը բարձրացվում են հանուն քաղաքացիների, վստահեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք բարձրացնում ենք աշխատավարձերը ոչ այնքան դատավորների, դատախազների և քննիչների, որքան քաղաքացիների համար, քանի որ դատավորները, դատախազները և քննիչները ծառայում են քաղաքացիներին, ժողովրդին, հասարակությանը, նրանք պետք է իրականացնեն ինստիտուցիոնալ արդարաություն և արդարադատություն»,- ասաց նա՝ ելույթ ունենալով ԱԺ նիստում։
Փաշինյանն ասաց, որ 2018-ի համեմատ 2023-ին դատական համակարգի ֆինանսավորումը կրկնապատկվել է, և 2024-ին այս միտումը կշարունակվի։
«Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերը զգալիորեն բարձրացել են առանց այն էլ բավականին բարձր բազայի վրա, 2024 թվականի հունվարի 1-ից վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորների աշխատավարձերը կբարձրանան»,- ասաց նա։
Վարչապետը նշել է, որ 2023 թվականին 2018 թվականի համեմատ կրկնապատկվել է նաև դատախազության ֆինանսավորումը, իսկ դատախազների աշխատավարձերը՝ գրեթե կրկնապատկվել։
«2023 թվականին Քննչական կոմիտեի ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ աճել է 256 տոկոսով։ Քննչական կոմիտեի քննիչների աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է»,- ասաց նա։
Փաշինյանը նաև նշել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումն ավելացել է 443%-ով, քննիչների աշխատավարձերն ավելացել են, օպերատիվ աշխատողներն աննախադեպ աշխատավարձ են ստանում։ Կրկնապատկվել են նաև Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը.