Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ` գնահատելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղի իշխանության այլ ներկայացուցիչների հետ քննարկելու մի շարք արդիական հարցեր` անվտանգություն, հյուպատոսության բացում, սոցիալական ծրագրեր իրականացնող ընկերություններ և այլն։
Դեսպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է այցի արդյունքների մասին և պատասխանել առաջնահերթ խնդիրներին վերաբերող հարցերին։
Օգնություն տեղահանվածներին և Սյունիքի նկատմամբ վերաբերմունք.
Ռուսաստանը Հայաստանի համար օգնության զգալի փաթեթ է պատրաստում ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Դեսպանի խոսքով` հանդիպման ընթացքում կողմերը հիմնական ուշադրությունը սևեռել են Սյունիքի մարզի խնդիրների վրա։ Տեղի իշխանությունների ուշադրության կենտրոնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներն են։ ՌԴ դիվանագետի գնահատմամբ` նրանք հսկայական և արդյունավետ աշխատանք են անում։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և Սյունիքի մարզում, շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Հայաստանն ու հայ ժողովուրդը, այդ թվում` ԼՂ հայերը, կարևոր են մեզ համար։ Նրանք օտար մարդիկ չեն։ Մենք շատ սերտ ենք կապված։ Այն իրավիճակն ու այն ցավը, որն ապրում է ժողովուրդը, ընկալում ենք որպես մեր սեփականը։ Ով ինչ էլ ասի` Ռուսաստանն անտարբեր չէ այդ ամենի նկատմամբ և իր գործողություններով ցույց է տվել, ցույց է տալիս և ցույց կտա, որ սա շատ կարևոր երկիր և ժողովուրդ է, որոնց հետ հազարամյակներով հարաբերություններ է կառուցել և մտադիր է հետագայում ևս անել դա»,– նշեց դիվանագետը։
Կոպիրկինը վստահեցրեց, որ ՌԴ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Սյունիքի մարզի խնդիրներին և պատրաստ է օգնել դրանց լուծման հարցում` առաջնահերթ կենտրոնանալով մարդասիրական բնույթի հարցերի վրա։ Այդ կապակցությամբ դիվանագետը դրական գնահատեց Ռոսսոտրուդնիչեստվոյի արձագանքը տեղահանվածների առաջնային կարիքներին։
Բավ է պառակտվել