Նոյեմբերի 20-ին մեկնարկում է Միացյալ Թագավորության եվրոպական հարցերով նախարար Լեո Դոքերթիի տարածաշրջանային այցը Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության համաձայն այցը կընդգծի Միացյալ Թագավորության ակտիվացող աջակցությունն ու համագործակցությունը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։
«Հիմնվելով այս տարի երեք երկրների հետ կայացած պաշտոնական ռազմավարական երկխոսությունների վրա՝ նախարար Դոքերթին կառաջարկի ընդլայնել առևտրի և անվտանգության ոլորտներում համագործակցության շրջանակը՝ տնտեսությունների դիվերսիֆիկացմանը և Ռուսաստանից Եվրոպայի կախվածության նվազեցմանը նպաստելու համար», - ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
Դոքերթին Երևան կատարելիք այցից առաջ ասել է, որ«Հարավային Կովկասն առերեսվում է տարածաշրջանի կայունությանը սպառնացող անվտանգային զգալի մարտահրավերների՝ ինչպես ներքին, այնպես էլ հարևան երկրների կողմից։
«Անկայուն տարածաշրջանում Միացյալ Թագավորությունը հուսալի գործընկեր է բարեփոխումների, խաղաղության և կայունության համար»»,- ասել է նա։
Եվրոպական հարցերով քարտուղարը ժամանում է Երևան՝ նոր թափ հաղորդելու անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսությանը, որի ընթացքում երկու կողմերը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունն առևտրի, անվտանգության և օրենքի գերակայության ոլորտներում։
Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ նախարար Դոքերթին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կհորդորի արդյունավետ ներգրավվածություն ունենալ միջազգային միջնորդությամբ ընթացող բանակցություններում՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։
Սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ սատարելու Լեռնային Ղարաբաղում և ավելի լայն տարածաշրջանում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցությանը:
Միացյալ Թագավորությունն առաջին երկրներից էր, որն աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին ականազերծման գործում՝ տրամադրելով սարքավորումներ և տեղական իշխանությունների համար դասընթացներ ականազերծման վերաբերյալ։