Agence France-Presse-ի կովկասյան բյուրոյին (AFP) տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ բարդ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում Ռուսաստանի դիրքին։
«ՀԱՊԿ արդյունավետության և պարտավորությունների կատարման առումով մենք թափանցիկ քննարկում ենք մեր գործընկերների հետ այն խնդիրները, որ ունեցել ենք և ունենք։ Իրականում հարցն այն չէ՝ Հայաստանը դո՞ւրս է գալիս կամ դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՝ չէ, իրականում հարցն այն է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դո՞ւրս է գալիս, թե՞ ոչ», - ասել է Փաշինյանը։
Ավելին, ըստ նրա, շատ փորձագետների կարծիքով, Ռուսաստանն է դուրս գալիս տարածաշրջանից: Նա հիշեցրել է, որ 20-րդ դարի սկզբին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել, իսկ հայերը մնացին դեմ առ դեմ Թուրքիայի հետ։
Բայց 1915-ին հայ ժողովուրդը պետականություն չուներ, պետություն չուներ, որն ուներ պարտավորություն՝ ապահովելու սեփական ժողովրդի անվտանգությունը: «Հիմա ունի պետություն և պետության քաղաքականությունը պիտի կառուցվի այս տրամաբանության մեջ, որովհետև հավանականությունը, որ մի օր մենք կտեսնենք, որ Իրանը կամ Թուրքիան այստեղից գնացել են, զրո է, չկա այդպիսի հավանականություն, բայց հավանականությունը, որ ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոն, որ այստեղ այս պահին ներկա է, առավոտյան արթնանանք ու տեսնենք այստեղ չէ, այդպիսի հավանականությունը բարձր է զրոյից: Ընդ որում, պարտադիր չէ ուզենալով, պարտադիր չէ չարամտորեն, պարտադիր չէ ուզելով վնասել, պարտադիր չէ չուզենալով կատարել սեփական պարտավորությունները որևէ մեկի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ», - ասել է Փաշինյանը, նշելով, որ հայերն այսօր ունեն պետություն, որը համարվում է բանակցությունների ունակ և ունի շանս՝ հասկանալու և կառավարելու այս ռիսկերը։