Ռուսական կողմը հուսով է, որ Երևանը կշարունակի աշխատանքը կազմակերպության շրջանակում և ափսոսում է, որ Հայաստանը չի մասնակցելու նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք բարձր մակարդակով գագաթաժողովին, ասել է լրագրողներին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անշուշտ, կարելի է ափսոսանք հայտնել, որ վաղվա բարձր մակարդակով գագաթնաժողովին Հայաստանը չի մասնակցի, հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով մասնակցություն, բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակներում»,- նշել է Պեսկովը։
ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին
Մեկ տարի առաջ՝ 2022 թվականի նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարվում է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, համարելով, որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիան։
Նա հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի կողմից իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար։
Այս տարվա մարտին Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել։
Վերջերս՝ ընթացիկ տարվա նոյեմբերի 14-ին, Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Մի քանի օր անց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես հայտնեցին, որ չեն մասնակցելու նոյեմբերի 22-ին Մինսկում կայանալիք Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։
Միաժամանակ Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ ներկայումս ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը չի քննարկվում։
Բավ է պառակտվել