Ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովն անդրադարձել է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին՝ անվտանգության նոր երաշխավորներ փնտրելու Հայաստանի իշխանությունների ծրագրերի լույսի ներքո։
Իր հեռագրային ալիքում Դուբնովը հայտարարել է, որ Հայաստանն սրընթաց հեռվանում է Մոսկվայից և նրա գլխավորած ՀԱՊԿ-ից։
«Դրա վառ վկայությունն է նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ՀՀ վարչապետ Փաշինյանի ցուցադրական արհամարհումը։ Այդ կապակցությամբ իր դժգոհությունը չի թաքցրել հանդիպումը նախագահող Լուկաշենկոն։ Նա իր պաթոսով լի ելույթում կատեգորիկ կոչ է արել ՀԱՊԿ գործընկերներին պահպանել միասնությունը՝ ՆԱՏՕ-ի ագրեսիվ նախապատրաստական աշխատանքների ֆոնին, և նրա ելույթում դառը հիասթափություն էր զգացվում Հայաստանի գրեթե դավաճանական պահվածքից, որը խաթարում է այդ միասնությունը. «Ավելի լավ է խնդիրները քննարկել հանդիպումների ժամանակ, քան դեմարշներ կազմակերպել»,- խրատել է նա իր կրտսեր հայ ընկերոջը, բայց նրա գործընկերներից ոչ ոք չի աջակցել այս թեմային...
Ղազախստանի նախագահ Տոկաևը, ով Լուկաշենկոյից ընդունեց ՀԱՊԿ-ի 2024 թվականի նախագահի լիազորությունները, ընդհակառակը, հանգիստ էր և հաշտ տրամադրված, չխարանեց ագրեսիվ Արևմուտքին և առաջարկեց կենտրոնանալ հենց Կազմակերպությունում ներքին ընթացակարգերի և գործելակերպի բարելավման վրա։ Նրա անդամներն այժմ հույս ունեն տեսնել Հայաստանի վարչապետին դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում, որտեղ կկայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը։
Ռուսաստանը, որը ներկայումս նախագահում է այնտեղ, պետք է իր լիազորությունները փոխանցի Հայաստանին։ Փաշինյանն, ի պատասխան սրան, միայն աղոտ ակնարկեց, որ հույս ունի ամենաբարձր մակարդակով քննարկել հայ-ռուսական հարաբերությունները։ Երբ, որտեղ՝ չասաց…
Մինչդեռ այդ հարաբերություններն անշեղորեն վատանում են։ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներին մեղադրել է «Հայաստանի ներքին գործերին միջամտելու և երկրում ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու մեջ»։
Երևանը բարձրացրել է ռուսական ժամանակակից զենք ստանալու ակնկալիքով մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը Ռուսաստանին վճարված 200 միլիոն դոլարի հարցը։ Բայց, հասկանալով, որ Ռուսաստանն ինքը հիմա զենքի պակաս ունի, Հայաստանն առաջարկում է այդ գումարը հանել Ռուսաստանին Հայաստանի պետական պարտքից։
Բացի այդ, Երևանն օրերս ևս մեկ անգամ հիշեցրեց, որ շարունակում է Աբխազիան և Հարավային Օսիան համարել Վրաստանի տարածքներ՝ աջակցելով Վրաստանի միասնությանը և պետականությանը։ Այս դիրքորոշումը հակասում է Ռուսաստանի կողմից այս հանրապետությունների անկախության ճանաչմանը։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի դաշնակիցներից ոչ մեկը չհետևեց նրա օրինակին:
Մոսկվան դեռ պաշտոնապես չի արձագանքում Երևանից եկող այս ազդակներին՝ նախընտրելով հաստատված մեթոդներով ճնշում գործադրել կամակոր գործընկերների վրա։ Արդեն մի քանի օր է, ինչ Վերին Լարսի սահմանային անցակետում արգելափակված են Հայաստանից գյուղմթերք տեղափոխող բեռնատարները։ Իհարկե, խախտվել են ֆիտոսանիտարական նորմերը...
Նիկոլ Փաշինյանը շարունակում է նրբագեղ ձևակերպում պնդել՝ ասելով, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ հակառակը՝ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։ Նրա ապացույցները անհամոզիչ չեն. ՀԱՊԿ-ը չի կողմնորոշվել Հայաստանի սահմանների հարցում, որոնց շրջանակում պատրաստ է պաշտպանել երկիրը, հաշվի առնելով, որ հայկական տարածքի մի մասը, թեկուզ փոքր, այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Այդ ընթացքում Հայաստանն ակտիվորեն փնտրում և գտնում է իր անվտանգության նոր երաշխավորներ Արևմուտքում։ Դեռևս չխախտելով ՀԱՊԿ շրջանակներում իր պարտավորությունների շրջանակը, որն արգելում է իր տարածքում երրորդ պետությունների ռազմական ենթակառուցվածքների տեղակայումն առանց գործընկերների հետ համաձայնեցման։ Դե, իսկ եթե դիմի՞, համաձայնություն...
Կստանա՞
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հարցը հռետորական է թվում. Արդյո՞ք սա նշանակում է, որ հաջորդ քայլը կարող է լինել հայտարարություն, որ Հայաստանը պատրաստ է իրեն արտադաշինքային պետություն հռչակել... Համենայն դեպս, սա հենց այն կարգավիճակն է, առնվազն որը դեռևս վերջերս Ռուսաստանը պահանջում էր Ուկրաինայից»։