ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը։ Կարևոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները շարունակեն հաջող զարգանալ։ Լիահույս եմ, որ Ձեզ հետ համատեղ կշարունակենք աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ», - իր շնորհավորական ուղերձում ասել է Պուտինը։
Ղազախստանի նախագահի շնորհավորական ուղերձում նշվում է, որ Փաշինյանի արդյունավետ պետական գործունեությունը և նախաձեռնած քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների համակարգված իրականացումը ծառայում են որպես պետության կայուն զարգացման երաշխիք, նպաստում են հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանը։
«Բարձր եմ գնահատում Ձեր հանձնառությունը՝ ամուր բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ղազախ-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը», -ասվում է ուղերձում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Փաշինյանի «հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ կտա այսուհետ ևս հաջողությամբ հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին
Լուկաշենկոն հույս է հայտնել, որ կշարունակվի բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսությունը, ինտեգրացիոն կարգավորումներում սերտ համագործակցությունը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությունը։