Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
««ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է չլուծված հարցերին, որոնց կարգավորումն առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար: Նա վերահաստատել է այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը ՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները»,- ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում։
Երեքշաբթի ավելի վաղ Միրզոյանի և Բլինկենի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կարևորվել է սահմանազատման գործընթացի ապահովումը, որը հիմնված է Ալմա Աթայի հռչակագրի և 1975 թ. քարտեզի վրա։ Ընդգծվել է նաև սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևոր գործոն։