Բավ է պառակտվել
06-11-2023 11:05

ՀՀ նախկին նախագահի կալանավորված որդին՝ Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ կստանա և պետք է ազատ արձակվի

2023 թվականի նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ և գրեթե երկու ամիս ապօրինի կալանքը ենթակա է վերացման։ Այս մասին հայտարարություն է տարածել Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը:

Ինչպես նշում են Քոչարյանի փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը, Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը՝ նոյեմբերի 3-ին պարզ դարձավ, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի թվով երեք պատգամավորի թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել են ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Նշվածից ելնելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի շրջականերում՝ ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն հանդիսանում է գրեթե երկու ամիս ակնհայտ ապօրինի կալանավորված, ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման հանցակազմով նաև տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող Լևոն Քոչարյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի շրջանակներում արձանագրվելու է Լևոն Քոչարյանի կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատ ստանալը, տեղի է ունենալու 2023 թվականի նոյեմբերի 6-ին:

Արդյունքում Լևոն Քոչարյանը նոյեմբերի 6-ից լինելու է ազատության մեջ:

Փաստաբանները հայտնում են նաև, որ պատգամավորի անձեռնմխելիության ուժով նույնիսկ ապօրինի կալանքի վերացումը չի հանգեցնում քրեական հետապնդման դադարեցմանը։

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, մեղադրվում է Երևանում տեղի ունեցած հանրահավաքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունում պատգամավորի տեղը թափուր է մնացել այն բանից հետո, երբ պատգամավոր Արմեն Չարչյանը հոկտեմբերին որոշեց հրաժարվել մանդատից։

Լևոն Քոչարյանը կալանավորվեց
ՀՀ նախկին նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ ստանալուց հետո ազատ արձակվեց
Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է